Ալիևը կրկին բողոքել է Հայաստանից. մանրամասներ՝ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցից
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հրապարակել է Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի մանրամասները։
Ինչպես հաղորդվում է, հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի ձեռնարկած վերջին քայլերն ու հայտարարությունները լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին․
«Ջեյմս Օ’Բրայանի կողմից ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ արտահայտած տեսակետները կողմնակալ են եղել, չեն արտացոլել ճշմարտությունը և մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ալիևին խնդրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանին թույլ տալ հարաբերությունները կարգավորելու նպատակով դեկտեմբերին այցելել Ադրբեջան, որն ընդունվել է Ալիևի կողմից՝ պայմանով, որ այդ այցից հետո հանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու արգելքը: Պետքարտուղար Բլինքենը համաձայնել է։
Հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ հայկական կողմին կրկին մեղադրել է բանակցությունները ձգձգելու համար՝ նշելով, որ սեպտեմբերի 11-ին ներկայացված խաղաղության համաձայնագրի տեքստի առաջարկներին հայկական կողմը պատասխանել է 70 օր հետո։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև նոյեմբերի 30-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին կայանալիք սահմանազատման հանձնաժողովների նիստի վերաբերյալ: