Հրանտ Բագրատյանի գործով նիստը հետաձգվեց. ապացույցները կհետազոտեն վկաների ներկայությամբ
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը:
Հրանտ Բագրատյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է այս տարվա ապրիլի 4-ին Ազգային ժողովի (ԱԺ) մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ունեցած ելույթը:
«Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, արա, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որ ազգը գնում է»,- հենց այս հատվածն է Քննչական կոմիտեն ելույթից 7 ամիս անց համարել խնդրահարույց:
Ինքը՝ Հրանտ Բագրատյանը, այս վարույթը համարում է ֆարս, շինծու քրեական վարույթ:
Նախորդ դատական նիստին վերացվեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, ինչպես նաև պաշտպանության կողմի կողմից միջնորդություն ներկայացվեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էին դատավարության բոլոր կողմերը, բացի վկաներից: Հանրային մեղադրողի մոտ 30 րոպե ուշացումը, ըստ նրա, պայմանավորված էր վթարի արդյունքում ստեղծված խցանումով:
Դատավոր Մանվել Շահվերդյանը նիստի սկզբում ասաց՝ որոշել է ապացույցների անթույլատրելիության հետ կապված միջնորդության լուծումը հետաձգել, մինչև համապատասխան փուլում կանդրադառնա նշված միջնորդությանը. հետազոտություն է պահանջվում։
Հաջորդիվ պաշտպան Հովհաննես Քոչարյանը միջնորդեց գործին կցել դատալինգվիստիկական հետազոտությունների արդյունքները։ Ապա դատախազը ներկայացրեց մեղադրանքը։ Պատասխան խոսքով հանդես եկավ Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ չեն գտել Եվրոպական կոնվենցիայի 3 սկզբունքները։ «Դատավարության ընթացքում մենք ստիպված ենք լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ անհեթեթ մեղադրական բնույթի գնահատականներ: Ինչո՞ւ մեղադրանքի կողմը չի գրել` ո՞րն է Բագրատյանի ասած բռնություն կիրառելու եղանակը. սա ամենակարևոր բանն է»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:
Հաջորդիվ անցան ապացույցների հետազոտման փուլին։ Սկսեցին մեղադրանքի կողմի ապացույցներից։
Պաշտպան Հովհաննես Քոչարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ մեղադրողն ամբողջ իր խոսքում ցույցին եկած մարդկանց անվանում է՝ ամբոխ:
«Մեղադրողը չարագուշակ բառ է ասում` ամբոխ. հավաքված ժողովրդին անվանում է ամբոխ»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:
Ուշագրավ է, որ մեղադրող դատախազի խոսքից պարզ դարձավ, որ մեղադրանքի կողմին փաստորեն չի հաջողվել նույնականացնել հարթակին կանգնած սև բաճկոնով տղամարդուն:
Քանի որ մեղադրանքի հիմքում Հրանտ Բագրատյանի ելույթի սկավառակն էր, դատարանը որոշեց ապացույցները հետազոտելու համար հրավիրել վկաներին: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024թ. հունվարի 24-ին:
Դատական նիստի ավարտից հետո Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատալինգվիստիկական փորձաքննության արդյունքները ցույց կտան իր կիրառած բառերի բոլոր նշանակությունները, նշեց՝ այս իշխանության մեջ կա մարդ, որ 5 տարում 2 միլիարդանոց միլիարդատեր է:
Հրանտ Բագրատյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն էլ, անդրադառնալով մեղադրանքի կողմի ներկայացրած սկավառակին, որպես ապացույց, ասաց՝ եթե ինքը՝ որպես պաշտպան, իր պաշտպանյալին արդարացնելու համար սկավառակ ներկայացներ, կներկայացներ հենց այն սկավառակը, որը ներկայացրել էր մեղադրանքի կողմը:
Մանրամասները՝ տեսանյութում: