Երևանը վստահելի գործընկեր է միջազգային կառույցների համար. Ավինյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:
«Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունն առաջնահերթություն է Եվրոպական միության համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Նշվում է, որ որպես գործակցության նոր ուղղություններ կողմերը կարևորել են երթևեկության կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը:
Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ: