Ֆրանսիայում հայտնել են, որ կայանված ավտոմեքենայի վրա երկնաքար է ընկել
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի բնակիչներից մեկի ավտոմեքենան վնասվել է, ենթադրաբար, երկնաքարի ընկնելու հետևանքով։ Հենց այդ վարկածն են առաջ քաշել դեպքի վայր ժամանած փրկարարները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Հերթապահ փրկարարները կանչ են ստացել նոյեմբերի 20-ի առավոտյան. ականատեսները հայտնել են «զարհուրելի դղրդյունի» և ծխի մասին, որը բարձրանում է ճանապարհի մոտ կայանված ավտոմեքենայից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները գտել են ավտոմեքենան՝ կտուրին 40 սմ-անոց անցքով։ Երկար զննությունից հետո նրանք մեքենայի տակ հայտնաբերել են 2 սմ-անոց «քար կամ փայտի կտոր»: Նախնական եզրակացությունն է «երկնային մարմնի անկում»։
Դեպքի վայր են հրավիրվել ռադիոլոգիական հսկողության մասնագետները, որոնք, սակայն, ճառագայթման թույլատրելի մակարդակի գերազանցում չեն արձանագրել։ Անհայտ առարկան հանձնել են ոստիկանությանը, այն ավելի ուշ ուղարկվել է Փարիզ՝ փորձաքննության։ Արդյունքների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։
Դեպքի մասին ավտոմեքենայի տերը տեղեկացել է ոստիկանության աշխատակիցներից, որոնք հնչեցրել են նրա տան դռան զանգը։ Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ լուրն իրեն անակնկալի է բերել։