Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։
Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, եթե մեկնարկն իրականացվի։
Նոյեմբերի 19-ին Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է իր առաջին հետախուզական արբանյակն արձակել մեկ շաբաթվա ընթացքում կամ մինչև նոյեմբերի վերջը, որպեսզի առաջ անցնի Հարավային Կորեայից, որն իր առաջին ռազմական արբանյակը կարձակի նոյեմբերի 30-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով՝ Կալիֆորնիայի նահանգի Վանդենբերգ ռազմակայանից:
Հյուսիսային Կորեայի հայտարարությունից հետո Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջուկային հարցերով պատվիրակները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրենց համատեղ արձագանքը համակարգելու միջոցները։ Երեք պատվիրակները «Հյուսիսային Կորեային խստորեն հորդորել են հրաժարվել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի կիրառմամբ տիեզերական հրթիռի արձակումից»։