Ուելսի հավաքականի երկրպագուները գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ հարվածներ են հասցրել իրար. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ պարզաբանում է տարածել:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պարզաբանումից, նոյեմբերի 18-ին ժամը 01.18-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։
Նույն օրը ժամը 01.39-ին և 01.43-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու:
Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։ Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։
Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանությունից կոչ են անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց։