Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը մոտ է. Reuters

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարը Reuters գործակալությանը հայտնել է, խմբավորումը մոտ է Իսրայելի հետ հրադադարի շուրջ համաձայնագրի հասնելուն։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Reuters-ին գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ն իր պատասխանն է հաղորդել Կատարի միջնորդներին։ Հնարավոր համաձայնագրի պայմանների մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն իր հերթին նոյեմբերի 20-ին Կատարում հանդիպել է Հանիեի հետ՝ «քննարկելու հումանիտար հարցեր»՝ կապված հակամարտության հետ։

Նոյեմբերի 20-ին Սպիտակ տունը նույնպես հայտնել էր, որ համաձայնագիրը մոտ է։

«Մենք հիմա ավելի մոտ ենք դրան, քան երբևէ», – ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի շրջանակներում պետք է ազատ արձակվի Գազայում պահվող գերիների մի մասը, իսկ ռազմական գործողությունները պետք է դադարեն, որպեսզի մարդասիրական օգնություն մտնի պաշարված անկլավ։

Ավելի վաղ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հերքել էին շրջանառվող այն լուրերը, թե նոյեմբերի 19-ին կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի 5 օրով հրադադարի ռեժիմ կհայտարարվի, իսկ 50 իսրայելցի պատանդների կփոխանակեն Իսրայելում ազատազրկված 50 պաղեստինցի բանտարկյալների հետ:

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ շուրջ 240 մարդու է գերի վերցրել, 1200 մարդ սպանվել է։ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում կա առնվազն 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս