Կհասցնե՞նք արթնանալ, պետք է կանգնեցնել թշնամու ծրագիրը, խոսքից գործի անցնել. վայոցձորցիները՝ ՀՀԿ-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը շարունակվում են։ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցից հետո այս անգամ կուսակցության անդամների հանդիպումը Վայոց ձորի բնակիչների հետ էր։

Վայք քաղաքի Հանրապետական կուսակցության տարածքային գրասենյակում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը նախ հորդորեց լինել անկաշկանդ, եթե կան քննադատություններ կուսակցության հասցեին, դրանք ևս բարձրաձայնեն, որպեսզի միասին հասկանան ու գտնեն երկիրը ստեղծված բարդ իրավիճակից հանելու ամենաարդյունավետ ճանապարհը:

Աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր անակնկալներ են մատուցում, նոր մեսիջներ են փոխանցվում մեր երկրին ու ժողովրդին սպասվող անակնկալների վերաբերյալ:

«Եթե մենք հիմա ծրագիր մշակենք, 1-2 ամիս հետո կարող է այնպիսի անակնկալ լինել, որ այդ ծրագրերը կդառնան առոչինչ, այդ պատճառով էլ պետք է ամեն ինչով պատրաստ լիննք։ Եթե մինչև այս մենք եղել ենք օգնողի դերում, այսուհետև պետք է լինենք հեգեմոն դերում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ վստահեցնելով, որ սրանից հետո հետքայլ գոյություն չունի։

Ըստ նրա՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն բնորոշած գործող իշխանությունները տեռորի են ենթարկում ազատ խոսք ու միտք արտահայտող քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն էլ ներկայացրեց, որ հանդիպումները Սյունիքից, Գեղարքունիքից և  Վայոց ձորից սկսելու  տրամաբանությունն ակնհայտ է. դրանք այն մարզերն են, որոնք անմիջականորեն սահմանակից են Ադրբեջանին և գտնվում են թշնամու թիրախում, և այն նույն խնդիրներին, որոնք ծագել են այս մարզերում, վաղը բախվելու է նաև երևանցին։

Վայքի  բնակիչներին հետաքրքրող առաջնային հարցերից մեկն էլ հենց  երկրի անվտանգությունն էր: Մարդկանց մտահոգում էր, թե ինչ ճանապարհով և ուր է գնում Հայաստանը: Կա՞ մեր երկրում ազգային անվտանգություն, գեներալիտետ, որոնք ունեն ծրագիր՝ ճիշտ պահին կանխելու հնարավոր վտանգները:

Թշնամու թիրախում հայտնված Ջերմուկ քաղաքի բնակիչներից մեկը Վայք էր եկել  Հանրապետական կուսակցության անդամներից հենց այդ հարցի  պատասխանները ստանալու ակնկալիքով: Կամ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատում ու սահմանագծումը պետք է իրականացնի 1974-1991 թվականների քարտեզներով, դա ինչպե՞ս է լինելու, նորից տարա՞ծք են տալու, համաձայնելո՞ւ են թշնամու պահանջների հետ։

«Արցախը տվեցին, մեր գեներալների ու ազգային անվտանգության կողմից որևէ քայլ չարվեց, դուք Երևանից եք գալիս, մենք էլ գյուղացի մարդ ենք, տեղյակ եք իրենցից, վերջը այս երկիրն ո՞ւր է գնում, վե՞րջ, Հայաստանը, հայ ազգը ազգային ծրագիր չունի՞, Ազգային անվտանգություն, գեներալիտետ կա՞ այս երկրում»,- հետաքրքրվեց քաղաքացին։

Մասնակիցներից շատերը Հանրապետական կուսակցության անդամներին հորդորում էին խոսքից գործի անցնել, քանի որ ժամանակ կորցնելով՝ խնդիրներն ավելի են շատանում ու բարդանում։ Տեսնում են, որ մարդկանց մի մասն անտարբեր է դարձել, և հիմա արթնանալ է պետք: Հնչող հարցը պարզ էր ու կոնկրետ՝ կհասցնե՞ն արթնանալ ու գործել:

Բնակիչներին նաև գյուղատնտեսությանն առնչվող հարցերն էին հետաքրքրում: Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին կատարած  ուսումնասիրությունները և առկա խնդիրները, մասնավորապես, Վայոց ձորի մարզում: Իսկ դրանք վերաբերում էին թե գյուղապահովագրությանը, թե անմշակ հողատարածքներին: Իսկ ոլորտի գերխնդիրը, ըստ նախկին փոխնախարարի, այն է, որ պետությունն այսօր գյուղացու կողքին չէ։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ներկաներին փոխանցեցին, որ կուսակցության հանդիպումները շարունակվելու են մինչև դեկտեմբեր, իսկ դրանից հետո հանդիպումներն արդեն կշարունակվեն մայրաքաղաք Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս