Ադրբեջանը պիտի պատասխանատվություն կրի միջազգային իրավունքը խախտելու համար. ԱԺ պատգամավորը՝ Ֆինլանդիայի գործընկերներին

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երևանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում:

Աննա Մկրտչյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափման, էթնիկ զտման խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հնչեցնել իր սպառնալիքները: Միջազգային կառույցի իր գործընկերներին դիմելով՝ պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի հանդեպ եղած մոտեցումներն անհրաժեշտ է խստացնել, քանի որ եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաև պատասխանատվություն կրի դրա համար:

Նշվում է, որ, ըստ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավարի, պետք չէ բավարարվել սոսկ հայտարարություններով, քանզի նման հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը: Նա շեշտել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: «Պետք է միջազգային հանրությունը միջազգային պարտավորությունների, մասնավորապես, մարդասիրական իրավունքի շրջանակում ապահովի մեր քաղաքացիների կյանքի և ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասել է Աննա Մկրտչյանը:

«Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ազատությունից զրկված անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի միջև կապերի խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են այս պահին Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

Տեսանյութեր

Լրահոս