«Ովքեր ասում են՝ ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի, Սիրիայի, Իրաքի հետ, խոչընդոտում են Թուրքիային»․ Էրդողան

Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով դիմելու է անհրաժեշտ մարմիններին և այս հարցը կիսատ չի թողնի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ընդհանուր ժողովում։

«Ավելի քան 2 հազար փաստաբանների հետ մենք կդիմենք պատկան մարմիններին՝ ցեղասպանության վերաբերյալ բողոքով։ Մենք հետևելու ենք գործընթացին և այն կիսատ չենք թողնի։ Գինը կվճարվի»,- խոստացել է Թուրքիայի ղեկավարը։

Այնուհետև, թուրք առաջնորդը Բեռլինին կոչ է արել օգնություն ցուցաբերել պաղեստինցի գերիների ազատ արձակման հարցում։ Նա նշել է, որ Իսրայելի ձեռքում մոտ 10 հազար պատանդ կա։ «Գերմանիա, քայլ կատարիր նրանց արտահանձնելու համար, և մենք ջանքեր կգործադրենք նրանց դեմ, ովքեր գտնվում են Համասի ձեռքում»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև նշել է, որ ինչքան Թուրքիան ուժեղանում է և պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակն աճում է։

«Նրանք, ովքեր մեզ ասում են՝ ի՞նչ գործ ունեք Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին»,- ասել է նա։

Ըստ թուրք առաջնորդի, եթե յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում, որին աջակցում են այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրոպան, իրենց կամքով սպանեն մարդկանց, այդ ժամանակ աշխարհակարգն ամբողջությամբ կխախտվի։

Տեսանյութեր

Լրահոս