Ադրբեջանը արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել վերոնշյալ որոշումը։

Ինչպես նշված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ, Բաքուն ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

«Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն իսկ որդեգրած քաղաքականությանը։ Այն ներառում է մեր հանձնառությունը՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունը՝ անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին, դա նրանց որոշումն է եղել՝ տեղափոխվել Հայաստան կամ այլ երկիր՝ չնայած Ղարաբաղը չլքելու մասին Ադրբեջանի կոչերին։ Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով», – ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային իրավունքի շրջանակներում այդ պարտավորությունների և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը, և կենտրոնացած ենք խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր հրապարակել է որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս