Քիշնևն առաջարկել է հավելավճար չտալ այն շրջաններին, որտեղ հաղթել է ընդդիմությունը
Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հանդես է եկել առաջարկությամբ, որ միայն պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը հատկացվի այն շրջաններին, որտեղ ընդդիմությունը հաղթել է տեղական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հստակ հայացքներով եվրոպամետ առաջնորդների օգտին քվեարկած բնակավայրերը պետք է առաջինը օգտվեն ԵՄ երկրների աջակցությունից: Պետք է վերլուծել և տեսնել, թե որ գյուղերն ու քաղաքներն են ընտրել եվրոպամետ քաղաքապետերին և առաջին հերթին նրանց մոտիվացնել, իսկ նրանք, ովքեր ընտրություն են կատարել հօգուտ այլ տեսլականի, բարբարոսական մոդելի՝ կներեք, նրանք միայն ստանդարտ ֆինանսավորում կստանան պետական բյուջեից, և ոչ մի հավելավճար»,- ասել է Գրոսուն։
Մոլդովայում նոյեմբերի 5-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, երկրի քաղաքացիներն ընտրել են քաղաքապետերին, ինչպես նաև տեղական խորհուրդների անդամներին։ Երկրի 36 շրջաններից և մունիցիպալիտետներից իշխող ուժը հաղթել է միայն վեց խոշոր քաղաքներում։ Թաղային խորհուրդներում առաջատարն իշխանության ղեկին գտնվող կուսակցությունն է, սակայն նախնական տվյալներով՝ ոչ մեկում չի կարող մեծամասնություն կազմել։ Քվեարկության երկրորդ փուլում, որը կկայանա նոյեմբերի 19-ին, իշխող ուժն իր թեկնածուներին առաջադրել է 273 բնակավայրերից ևս 152-ում։