Ասեք՝ ինչ անենք. կապանցիներն ու ագարակցիները՝ Հանրապետականներին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մարզերում բնակիչների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել՝ լսելու նրանց մտահոգող խնդիրները, նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ նրանց դիտարկումները, կարծիքները։

Հանդիպումների շարքը մեկնարկեց Սյունիքի մարզից: Առաջին կանգառն Ագարակ քաղաքն էր։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախ բնակիչների և Արցախյան պատերազմի մասնակից, լեգենդար հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի այրու հետ ծաղիկներ խոնարհեցին հրամանատարի հուշակոթողին։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ են հանդիպումների շարքը մեկնարկել հենց Սյունիքի մարզից։

Ըստ ԱԺ պատգամավորի՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքը հայտնվել է  թշնամու թիրախում և այսօր ունի բազմաթիվ անվտանգային խնդիրներ։ Չնայած սոցիալական ու տնտեսական բազմաթիվ խնդիրներին՝ Ագարակում բնակիչներին ավելի շատ հուզում էին անվտանգային խնդիրները։ Հարցեր էին բարձրացվում Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ. մարդիկ մտավախություն ունեն՝ արդյո՞ք հաջորդն էլ Մեղրին չեն հանձնելու այս իշխանությունները:

Կարդացեք նաև

Ագարակցիներին մտահոգող հարցերը բազմաթիվ են՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը գործող իշխանությունները քննարկում են Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների հետ, 44-օրյա պատերազմի դաժան պարտության պատճառները, հայոց պատմության կեղծված դասագրքերը և անվտանգային խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամների հաջորդ հանդիպումն արդեն Կապան քաղաքում էր: Այստեղ էլ բնակիչներին հուզող խնդիրները վերաբերում էին երկրի անվտանգությանը, նաև հնչեցին քննադատություններ՝ ուղղված Հանրապետական կուսակցությանը։ Ըստ կապանցիների՝ 2020 թ. հետո, երբ ժողովուրդը փողոց էր դուրս եկել իշխանափոխության պահանջով, նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցներ Հանրապետական կուսակցությունը և առաջնորդեր ժողովրդին։

Մտավախություններ և կարծիքներ հնչեցին՝ կապված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Հանդիպմանը ներկա երիտասարդները կուսակցության ներկայացուցիչներին հորդորեցին ավելի առաջնային դարձնել երիտասարդների դերակատարումը, նրանց ձայնն ավելի լսելի դարձնել։

Բնակիչներից մեկն էլ ուղիղ խնդիր դրեց՝ ի՞նչ է պետք անել, որպեսզի ստեղծված իրավիճակից երկիրը դուրս գա. անելիքների ճանապարհային քարտեզը ժողովրդին պետք է առաջարկի քաղաքական ուժը։ Հանդիպման մասնակից ազատամարտիկ կանանցից մեկը նախազուշացրեց՝ եթե այսպես շարունակվի, ապա թշնամին ասելու է, որ Սյունիքն էլ է իրենը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս