Ընտանեկան․ մայրն Աննա Վարդապետյանի տեղակալն է, մի աղջիկը՝ Վարդապետյանի օգնականը, մյուս աղջկա պաշտոնն էլ Դատախազությունում զգալիորեն բարձրացվեց. hayastan.news
Երեկ Աննա Վարդապետյանը ընդունել էր ԵՊՀ ուսանողներին, որտեղ ասել էր հետևյալը․ «Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»:
hayastan.news-ը գրում է. «Հանուն ազնվության նկատենք, որ թվարկածների՝ բարեկամ, կուրսընկեր, դասընկերների շարքում ընկերուհի բառը չկար, որովհետև, գուցե մի ուսանող, եթե նրան չէին զգուշացրել հարցեր չտալ, հարցներ՝ իսկ Անահիտ Մանասյանը ձեր ի՞նչն էր։
Բայց, քանի որ ՔՊ-ական դպրոցի կանայք ունեն հատուկ տաղանդ՝ խոսել և գործել հակառակը, ապա Աննա Վարդապետյանը, հերթական անգամ դա չուշացրեց։
Այսօր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ի թիվս այլ հրամանների կա մեկը՝ Սոնա Մարգարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
Ուրեմն, Սոնա Մարգարյանը Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի աղջիկն է, իսկ Լիլիթ Գրիգորյանի մյուս դուստրը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Վարդապետյանի օգնականն է։
Ի դեպ, վերջերս եղել է ժամանակահատված, երբ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազն էր, իսկ դուստրն աշխատում էր մոր ենթակայության տակ։
Նշենք, որ ինչպես ԱԺ հանձնաժողովում հայտարարեց Աննա Վարդապետյանը, կոռուպցիոն գործերը, ուր տարել է Լիլիթ Գրիգորյանի դստերը, հսկում է ինքը։
Ի դեպ, նախկինում եղել են հրամաններ այս կամ այն դատախազին վերաբերող, որոնց տվյալ հաստիքում աշխատելը եղել է կոնկրետ ժամկետում, այդ հրամաններով սահմանված ժամկետները վաղուց ավարտվել են, փոփոխված հրամաններն էլ չեն հրապարակվում»։