Ռաիսի. ԱՄՆ-ն կարևորագույն դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևման գործում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, վերադառնալով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովից, լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևելու հարցում, գրում է Mehr-ը։
Ըստ Ռաիսիի, ԱՄՆ-ն նաև գլխավոր կողմն է, որը «զենք է մատակարարում ռեժիմին պաղեստինցի կանանց և երեխաներին սպանելու համար»։
Նշելով, որ Իրանը պաղեստինյան հիմնախնդրի վերաբերյալ ամուր դիրքորոշում ունի, Իրանի նախագահն ասել է. «Այս ուղևորության ընթացքում ես փորձեցի լինել իրանական ազգի և այն մարդկանց ձայնը, որոնք փողոցներում գոռում են պաղեստինցիների իրավունքների մասին»:
Ռաիսիի վկայությամբ, Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը հստակ տեսակետներ է պահպանել Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերաբերյալ՝ միաժամանակ «սիոնիստական ռեժիմը դիտելով որպես կեղծ ու բռնատիրական ռեժիմ՝ առանց ինքնության»։
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «օկուպացված Ալ-Քուդս քաղաքի ազատագրումը և Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնումը համարում է մուսուլմանական աշխարհի գլխավոր առաջնահերթությունը և այդ հարցում երկրների իրական դիրքորոշումների գնահատման չափանիշ»:
Ռաիսին նշել է, որ Պաղեստինի հարցում Իրանի տեսակետի պարզաբանումը և սիոնիստների «մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության» տարբեր ասպեկտների պարզաբանումը շրջափակված Գազայի հատվածում Էր-Ռիադի գագաթնաժողովին իր մասնակցության մյուս կարևոր նպատակներն էին։
Այնուհետև նա անդրադարձել է Գազայի ներկա ճգնաժամից դուրս գալուն ուղղված 10 առաջարկներին ու լուծումներին, որոնք Իրանն առաջարկել է գագաթնաժողովում, ընդգծելով, որ «պաղեստինյան դիմադրությանն աջակցությունը սրբազան Ալ-Քուդսի ազատագրմանը տանող միակ ուղին է»։
«Այս գագաթնաժողովում, ի տարբերություն Պաղեստինի ապագայի վերաբերյալ որոշ կողմերի առաջարկած երկու պետությունների մասին որոշման, մենք առաջարկեցինք լիովին ժողովրդավարական լուծում՝ հիմնված նրա վրա, որ բոլոր պաղեստինցիները՝ ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաներն ու հրեաները, քվեարկեն (հանրաքվեի միջոցով) իրենց ճակատագիրը որոշելու համար»,- ասել է Իրանի նախագահը։
Նա նշել է, որ ժամանակահատվածը, նույնիսկ եթե դա 75 տարի է, «պաղեստինյան տարածքների նկատմամբ լեգիտիմություն և սեփականության իրավունք չի տալիս բռնատիրական և բռնազավթող ռեժիմին»։