ՀԴԲ-ն կոռուպցիայի գործի շրջանակում առգրավել է Նյու Յորքի քաղաքապետի բջջային տեխնիկան. ԶԼՄ
ՀԴԲ-ն առգրավել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին պատկանող բջջային հեռախոսներն ու iPad–ը, ենթադրաբար կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Nеw York Times-ի աղբյուրներին։
Նոյեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինները հետաքննում են Ադամսի խորհրդական և ֆանդրայզեր Բրիոննա Սագսի գործը։ Հայտնում էին, որ նրա կնոջ տանը խուզարկումներ են տեղի ունեցել։
Պարբերականի տվյալներով` քաղաքապետին պատկանող տեխնիկան առգրավվել է այն կասկածով, որ 2021 թվականի նախընտրական արշավի ընթացքում Ադամսն ու նրա ներկայացուցիչները համաձայնության են եկել Թուրքիայի իշխանությունների հետ` սեփական կարիքների համար գումարներ ստանալու նպատակով։
«ՀԴԲ-ի գործակալները դրսում մոտեցել են քաղաքապետին, նստել նրա մեքենան և դատական կարգադրությանը հետևելով` առգրավել նրա տեխնիկան», – գրում է թերթը։ Կալանք է դրվել առնվազն երկու բջջային հեռախոսի և iPad–ի վրա։
Թերթը մեջբերում է նաև Ադամսի հայտարարությունը, որում նա հայտնում է, որ «թաքցնելու ոչինչ չունի»։
Նյու Յորքի քաղաքապետը նշում է նաև, որ որպես իրավապահ մարմինների ախկին աշխատակից, հույս ունի, որ իր աշխատակիցները կպահպանեն օրենքն ու կհամագործակցեն հետաքննության հետ։ Ինքը նշում է, որ շարունակելու է դա անել։
Ադամսի փաստաբան Բոյդ Ջոնսոնը վստահեցրել է, որ Նյու Յորքի քաղաքապետն «անմիջապես կատարել է ՀԴԲ-ի խնդրանքն ու նրանց տրամադրել իր էլեկտրոնային սարքերը»։
Ավելի վաղ Սագսի տան խուզարկության հետ կապված New York Times-ը հայտնել էր, որ Ադամսն այդ մասին իմանալուց հետո ստիպված էր հետաձգել նախատեսված հանդիպումների շարքը Վաշինգտոնում, այդ թվում Սպիտակ տան և ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների հետ և հրատապ Նյու Յորք վերադառնալ։ Պարբերականի զրուցակցի տվյալներով` գործակալները խուզարկումից բացի Սագսին նաև կոռուպցիայի հետ կապված հարցեր են ուղղել։
Սագսն աշխատել է Ադամսի հետ 2021 թվականի նախընտրական արշավի շրջանակում, որտեղ նա Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել, մինչ օրս զբաղվում է հովանավորների միջոցների ներգրավմամբ` կապված 2025 թվականի վերընտրման նախապատրաստական աշխատանքների հետ։
Ադամսի ներկայացուցիչ Չարլզ Լուտվակի տվյալներով (որոնք մեջբերում է գործակալությունը)` քաղաքապետը վերադարձել է Նյու Յորք` առաջացած խնդիրները լուծելու, և մտադիր է հնարավորինս շուտ անցկացնել նախկինում ծրագրած հանդիպումները։
Սագսը ոչ միայն պատասխանատու է Ադամսի հովանավորների գումարների ներգրավման համար, այլև համարվում է նրա խորհրդատուն, սերտ կապեր ունի Ադամսի հետ։



