Իրանի նախագահը ԱՄՆ կառավարությանը մեղսակից է անվանել Գազայում Իսրայելի հանցագործություններին

ԱՄՆ կառավարությունը մեղսակից է այն հանցագործություններին, որոնք Իսրայելը կատարում է Գազայի հատվածում, Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սիոնիստական ​​ռեժիմի բանակը ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների քաղաքական, ֆինանսական, ռազմական և հետախուզական աջակցությամբ օգտագործում է իր ռազմական մեքենան Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ։ Իրանը այս հանցագործության շարունակման պատճառ է համարում Արևմուտքի, հատկապես ամերիկյան կառավարության լիակատար աջակցությունը Գազա սիոնիստների ներխուժմանը։ Այժմ ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը մեղսակից է սիոնիստների հանցագործություններին»,- ասել է նա։

Ռաիսին նաև ասել է, որ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները։ «Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները, որոնք հարձակվում են հիվանդանոցների, դպրոցների, համալսարանների և փախստականների ճամբարների վրա, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ են»,- ընդգծել է Իրանի նախագահը։ Նրա խոսքով՝ միջազգային անվտանգության համակարգը չի կարողացել արձագանքել «այսքան բարբարոսական հանցագործություններին»։

Տեսանյութեր

Լրահոս