ՀՀ իշխանությունն է արգելակում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը․ Արման Աբովյան
Արդեն որերորդ անգամ տարբեր մեդիա աղբյուրներում, հղում անելով արտասահմանյան տվյալներին, տեղեկություններ են տարածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները «մեղմ ասած» արգելակում են արտասահմանյան որոշ երկրների կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ փաստարկներ բերելով, որ պատժամիջոցները կարող են «վնասել» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների իբր կարգավորման գործընթացին։
Տեղեկատվության հավաստիությունն այս փուլում ստուգելը դժվար է, քանի որ կարծում եմ, որ սխալ է հիմնվել բացառապես երրորդ կողմի տեղեկատվության վրա եւ անել հետևություններ: Անշուշտ, նման տեղեկատվությանը պետք է վերաբերվել շատ մեծ զգուշավորությամբ, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանի իշխանությունների պետական քաղաքականությունը նույնիսկ այս պարագայում ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկա իրողությունները, Հայաստանի, Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի առանցքային շահերի հաշվին օկուպանտների հետ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ փաշինյանական իշխանությունների ծրագրերը և Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողություններում և մտադրություններում հայանապաստ հետևանքների բացարձակ բացակայությունը, հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կբացահայտեն ճշմարտությունը։
Եվ այսպես.
Ինչո՞ւ մինչ օրս գործի չեն դրվել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ միջազգային քրեական հետապնդման գործիքները: Առավել ևս, որ բառացիորեն մեկ ամիս առաջ հայկական իշխանությունն ամեն անկյունում ինքնամոռաց բղավում էր այն մասին, որ Հռոմի կանոնադրության (statut) վավերացումը նպատակ է հետապնդում պատժել հայ ժողովրդի դեմ հանցագործություն կատարած ռազմական հանցագործներին։
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևն ու Էրդողանը Հայաստանի իշխանությունների կողմից բազմիցս կոչվել են ռազմական հանցագործներ ։
Հաջորդը. ինչու՞ Հայաստանի իշխանությունների կողմից, բացի ընդհանուր լղոզված արտահայտություններից և մշուշոտ ձևակերպումներից, ուղղակի, հստակ և հասկանալի պահանջ (հենց պահանջ) չի առաջադրվում միջազգային հանրությանը` պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի (որպես Արցախի դեմ ագրեսիային և խաղաղ բնակիչների սպանությանն անմիջական մասնակցություն ունեցած երկրի) և Ադրբեջանի (որպես սպանությունների, առևանգումների, պատերազմի սանձազերծման, էթնիկ զտումների համար ուղղակի պատասխանատվություն կրող երկրի) դեմ, Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության տեղահանումը, հազարներով ոչնչացումը և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուղղակի ագրեսիան, որի հետևանքով առևանգվել, խոշտանգել, վիրավորվել, զոհվել են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ և այսօր օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 ք/կմ-ը)։
Հենց այս հարցերի պատասխաններն են մեզ թույլ տալու դատել այն տեղեկատվության արժանահավատության մասին, թե արդյոք Հայաստանի պաշտոնական իշխանությունները համաձա՞յն են օկուպանտ երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, թե ոչ։
Հուսով եմ, որ մենք կստանանք այդ պատասխանները և միանգամից ուզում եմ զգուշացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների լռությունը ևս կհամարվի պատասխան:
Արման Աբովյան