«Ներողություն «Զանգեզուրի միջանցքի» մասին հաղորդման համար»

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ:

«Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն:

Ի դեպ, հիշյալ տեսանյութի մեջ հաղորդավարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Բաքուն այժմ պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Վտանգ կա, որ Բաքուն մոտ ապագայում կդիմի արմատական ​​քայլերի»:

Հատկանշական է, որ ընդդիմադիր ՀԸ-ի տարածած այս տեղեկատվությանն անդրադարձել են Վրաստանի մի շարք հասարակական գործիչներ:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը հարց էր հնչեցրել, մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծվա՞ծ է։ Ողջ Արևմուտքը խոսում է էթնիկ զտումների մասին, և որ հակամարտությունները այդպես չեն «լուծվում», իսկ դուք Ադրբեջանի քաղաքականությունն եք իրականացնում՝ «լուծված է»»:

Տեսանյութեր

Լրահոս