Պետությունը ո՞ր խմբերի առողջության ապահովագրավճարը կփոխհատուցի. ցանկ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հուլիսից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում փուլային սկզբունքով ընդգրկվող բնակչության խմբերը, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը:

2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.

1. մինչև 18 տարեկան երեխաներ,

2. առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ,

3. առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,

4. անժամկետ հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք,

5. սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)` կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում,

6. երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացվող զինծառայողներ,

7. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ,

8. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։

2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.

  • 63 և դրանից բարձր տարիքի անձինք,
  • մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողները),
  • 3 կամ ավելի անչափահաս երեխայի խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը,
  • ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։

2027-ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։

Տեսանյութեր

Լրահոս