Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում. Պատրուշև
Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմանների ստեղծմամբ և փոխվստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Դրա համար Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի, տրանսպորտային հաղորդակցությունների բացման», – ըստ ՌԻԱ Նովոստինի՝ ասել է Պատրուշևը։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տարածաշրջանից դուրս ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։
«Առայժմ Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը», – հավելել է նա։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում այսօր կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ ՀՀ–ն այդ հանդիպմանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանը։