Արմեն Աշոտյանը ում ինչ պետք էր՝ ասում էր՝ չվախենալով ոչ մեկից. Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ իշխանությունների վարած ներքին քաղաքականությանը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք ընդամենն ընդունակ են կալանավորել, ձերբակալել ու քրեական գործեր հարուցել այն մարդկանց նկատմամբ, ում հետ չեն կարող համաձայնության գալ՝ վախենալով նրանցից:
«Այդ տեսակն այսօր շատ քիչ է: Իրենց հետ պարզապես հնարավոր չէ պայմանավորվել: Ու հենց այդ տեսակն է փոխելու այն իրողությունը, որը մենք ունենք այսօր: Իրենք տեսնում են, որ, օրինակ, նույն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իրենց ողնուծուծով հիշում է, բոլոր կետերի մասին խոսում է: Արցախյան այս գործընթացների մասին, դեռևս ամիսներ առաջ՝ մինչև կալանավորումը, խոսում էր: Ում ինչ պետք էր՝ ասում էր՝ չվախենալով ոչ մեկից»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ քաղբանտարկյալ Աշոտյանն այն քիչ մարդկանցից է, ով, ի տարբերություն 2018 թվականին Հանրապետականը լքած անձանց, հավատարիմ մնաց կուսակցությանը:
«Նրանք վախենում են նրանից, ում չեն կարող մինչև 2018 թվականը մեղադրել ինչ-որ հանցագործության մեջ, հետո՝ ընտանիքով գնալ այդ մարդկանց հարսանիքներին: Իրենց դուր չեն գալիս նրանք, ովքեր 2018-ից հետո իրենց ֆրակցիայում չեն. նույն ֆիկտիվ հանրապետական Գևորգ Պապոյան չեն, համալսարանում ամենավերջին բառերով Նիկոլ Փաշինյան հայհոյող, բայց հետո ՔՊ-ով պատգամավոր դարձող Շիրակ Թորոսյան չեն»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
Նազելի Ստեփանյան