ՄԱԿ-ի գործակալությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Գազայում անհապաղ հումանիտար հրադադարի կոչով
ՄԱԿ-ի բոլոր հիմնական գործակալությունների ղեկավարները հանդես են եկել հազվագյուտ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ մարդասիրական հրադադար։
«Մոտ մեկ ամիս աշխարհը հետևում է Իսրայելում և Պաղեստինի բռնազավթված տարածքում իրավիճակի զարգացմանը՝ ցնցված և սարսափահար հետևելով մարդկային կյանքի կորուստների և կործանման աճող թվերին», – ասում են ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները:
Համատեղ հայտարարության տակ ստորագրել են ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Հումանիտար հարցերի համակարգման վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Փրկենք երեխաներին» կազմակերպության ղեկավարները՝ նկարագրելով երկու կողմերի «սարսափելի» մարդկային կորուստները, Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայում ստեղծված ծանր վիճակը և պահանջելով անվերապահորեն ազատ արձակել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող գերիներին։
«Մեզ հարկավոր է անհապաղ հումանիտար հրադադար։ Այս ամենը շարունակվում է արդեն 30 օր։ Արդեն բավական է։ Այս ամենը պետք է դադարեցնել հենց հիմա», – նշել են ՄԱԿ-ի կազմակերպությունները։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հակամարտության սրացման վերջին 1 ամսվա ընթացքում զոհվել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության 88 աշխատակից, ինչը «մեկ հակամարտությունում երբևէ գրանցված ՄԱԿ-ի զոհերի ամենամեծ թիվն է»:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։