Մեր տարածաշրջանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, աշխարհին էլ օգուտ կտա. Միրզոյան
Տարածաշրջանը կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, որը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և հարևան երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը և այն տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ամբողջ աշխարհին։ Այս ծրագիրը կարող է նաև խաղաղության յուրահատուկ գրավական դառնալ»,– ընդգծեց նա։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակչությունն ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ՝ ոչնչացման սպառնալիքի ներքո լքել է իր բնօրրանը։
«ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ հայ ռամզագերիներ, ինչպես նաև ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք են պահվում»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` միայն այլ երկրների անկեղծ ջանքերը կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ ՀՀ–ն ունի քաղաքական կամք` գնալ խաղաղության հաստատմանը, և պետության մոտեցումները ներկայացված են Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում (երկու երկրի փոխադարձ տարածքային ճանաչում)։
Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը հանդիպմանն անդրադարձել են նաև ՀՀ–ում ԵՄ առաքելության գործունեությանը և տարածաշրջանային գործընթացներում ԵՄ ներգրավվածությանը։