Բաժիններ՝

Լրագրողը պետք է ունենա կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն առանց խոչընդոտ օգտագործելու և տեղեկություններ հրապարակելու հնարավորություն. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքը երաշխավորված է օրենքով և ունի հանրային բացարձակ կարևորություն:

Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողն իր աշխատանքի ընթացքում հանդիպում է արգելքների, աշխատանքի խոչընդոտներիուղեկցված վիրավորանքով ու անգամ բռնությամբ:

Այս արատավոր երևույթներն ինտենսիվանում են քաղաքական գործընթացներով պայմանավորված: Այստեղ է, որ ատելության և թշնամանքի մթնոլորտն այնքան է խորանում, որ դրա հետևանքների կրողը դառնում է նաև լրագրողը:

Հետագայում էլ, ցավոք, լինում են իրավիճակներ, երբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, կամ դրանք արդյունավետ չեն: Հատկապես լուրջ է խնդիրը, երբ հարցը վերաբերում է լրագրողների նկատմամբ հանցանքներին: Սա դառնում է այն հիմնական պատճառներից մեկը, որ լրագրողների դեմ իրավախախտումների կանխարգելում տեղի չի ունենում:

Լրագրողը պետք է ունենա կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն առանց խոչընդոտ օգտագործելու և տեղեկություններ հրապարակելու հնարավորություն:

Համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պետության կողմից պաշտպանված է իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից: Հանցանքները պետք է պատշաճ քննվեն, իսկ այն կատարած անձինք ենթարկվեն անխուսափելի պատասխանատվության:

Կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը պետք է միշտ լինի օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին: Լրագրողների աշխատանքով ապահովվում է նաև հանրային իշխանության թափանցիկությունը և հետևաբար` քաղաքացիների վերահսկողությունը իշխանության նկատմամբ:

Նոյեմբերի 2-ը ՄԱԿ-ը հռչակել է Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս