Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը քաղաքական ենթատեքստ ու նախաձեռնող ունի. քաղաքական կաբինետներում է դա որոշվում. Միհրան Պողոսյան
«Այս քրեական գործը հարուցված է 2019թ.-ից, կոնկրետ այս դրվագը քննարկման առարկա է 2021թ.-ից: Գրիգորի Խաչատուրովն այս դրվագով իմ մասնակցությամբ 2022թ. նոյեմբերին հարցաքննվում է, ու 2023թ. մարտի 16-ին որոշում են նրան կալանավորել այն հիմնավորմամբ, թե իբր նախաքննությունն ակտիվ փուլում է, վկաներ պիտի հարցաքննվեն, առերեսումներ պիտի տեղի ունենան, որոնց վրա 3 տարի անց Գրիգորի Խաչատուրովը կարող էր անօրինական ազդեցություն ունենալ»,- այսօր հերթական անգամ հետաձգված դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դրանից հետո ոչ միայն ոչ մի առերեսում տեղի չի ունենում, այլև 2023թ. մայիսի 2-ից, երբ գործը գալիս է դատարան, պարզվում է, դեռևս վկաներ կան հարցաքննվելու:
«Մայիս 2-ից որևէ գործողություն չի կատարվել: Մայիս ամսից մինչև այս պահը քննարկվում է միմիայն խափանման միջոցի հարց: Ընդ որում, որոշումը կայացվում է, հետո պաշտպանի կամ մեղադրյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվում է»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Պաշտպանի խոսքով՝ իրենք առաջին օրից պնդել են այս դատական նիստերը դռնբաց անցկացնել, նշել են, որ դիտավորյալ են փակ անում, որ հանրությունը, ներկա չգտնվելով պրոցեսին, չպատկերացնեն, թե ներսում ինչ է տեղի ունենում:
«Ու այս ամենը խոսում է այն մասին, որ մարտի 16-ից Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնելը քրեական գործով իրավաչափ նպատակ չի հետապնդել: Դա քաղաքական որոշում է: Քանի որ վախ ունեն Գրիգորի Խաչատուրովից, փորձում են վերջինիս արգելանքի տակ պահել, որպեսզի իրենց վախերն այդ մասով ապահովագրեն»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Վերջինս նշեց՝ ինքը չի կարող ասել, թե իշխանություններն ինչից են վախենում:
«Բնականաբար, Խաչատուրովը շատ ուժեղ, հաստատակամ ՀՀ Զինված ուժերի սպա է: Հիմա թե դրանից ինչ վախեր է տեսնում քաղաքական իշխանությունը, ես այս պահին մեկնաբանել չեմ կարող: Բայց ակնհայտ է, որ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը քրեաիրավական ընթացակարգերի շրջանակում չի իրականացվում: Այն քաղաքական ենթատեքստ ու նախաձեռնող ունի: Քաղաքական կաբինետներում է որոշվում Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը նշեց՝ վստահ է՝ իրավական առումով հասնելու են Գրիգորի Խաչատուրովի ազատ արձակմանը:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական խելապակասների թիվը շատ չէ, և, վերջիվերջո, մի օր այդ խելամտությունը վեր է կանգնելու քաղաքական իշխանության հրահանգներից»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: