Բաժիններ՝

Նեթանյահուն բացառել է հրադադարը և հայտարարել Գազայում Իսրայելի գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին

Իսրայելն ինտենսիվորեն շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, իսկ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի համաձայնվի հրադադարի։ Նեթանյահուն նաև հայտնել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։

«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից հետո Իսրայելը չի համաձայնի ռազմական գործողությունների դադարեցման։ Իսրայելին հասցեագրված հրադադարի կոչերը ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը հանձնվելու կոչեր են։ Դա տեղի չի ունենա», – Նեթանյահուի հայտարարությունն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։

Նեթանյահուն նաև մեջբերում է արել Աստվածաշնչից՝ նշելով, որ կա խաղաղության ժամանակ և պատերազմի ժամանակ։

«Հիմա ժամանակն է պատերազմի՝ հանուն մեր ընդհանուր ապագայի», – ասել է Իսրայելի վարչապետը։

Հոկտեմբերի 30-ին համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է իսրայելական տանկ Գազա քաղաքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա։ Նաև հաղորդվում էր տվյալ շրջանում ծանր մարտերի մասին։ Օրերս Իսրայելի բանակը հայտարարել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ ռազմական գործողության 2-րդ փուլի մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ սկսվել է ռազմական գործողության արդեն 3-րդ փուլը, որը ներառում է անկլավում ցամաքային գործողությունների ընդլայնում։

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական կարողությունները: Մենք դա անում ենք համակարգված: Նախ, առաջին՝ շրջափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը՝ նրանց օդային հարվածներ հասցնելը, շարունակվում է անդադար: Երրորդ փուլում ԻՊԲ-ն (խմբ․՝ Իսրայելի պաշտպանության բանակը) ընդլայնել է ցամաքային ներխուժումը Գազայի հատվածում։ ԻՊԲ-ն դա անում է կշռադատված, շատ հզոր քայլերով՝ համակարգված, քայլ առ քայլ առաջ շարժվելով», – Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։

Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը, նրանց թվում կա 3324 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս