Իրանցի գիտնականները նշել են բնական միջոց, որը սրտի վիրահատությունից հետո թեթևացնում է ցավը և լավացնում քունը
Իրանի Քաշանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ անանուխի եթերայուղը կարող է նվազեցնել ցավը և բարելավել հիվանդների քնի որակը սրտի վիրահատությունից հետո: Ըստ shantnews-ի՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) ամսագրում:
Սրտի վիրահատությունը խոշոր պրոցեդուրա է, որը պահանջում է կտրվածք կրծոսկրի մեջ և հետագայում մեխանիկական շնչառական աջակցություն: Այս երկու գործոնները կապված են ինտենսիվ ցավի, սթրեսի և անքնության բարձր ռիսկի հետ:
Արդյունավետ ցավազրկումը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ վերականգնվել և նվազեցնում է հետվիրահատական բարդությունների ռիսկը: Բայց ցավազրկողների երկարատև օգտագործումը նույնպես անցանկալի է։ Հետազոտողները փորձել են գտնել դեղամիջոց, որը թեթևացնում է ցավը և չունի լուրջ կողմնակի ազդեցություններ։
Փորձին մասնակցել է 64 մեծահասակ, ովքեր սրտի վիրահատության են ենթարկվել: Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. առաջին խմբին նշանակվել է արոմաթերապիա անանուխի եթերայուղով՝ 0,1 մլ 10% յուղ ներարկվել է շնչառական համակարգ։ Հիվանդները նաև եթերայուղ են շնչել ինհալատորների միջոցով, երկրորդ խմբի հիվանդների բուժումը մոդելավորելու համար օգտագործվել է սովորական ջուր։
Երկու օր անց մասնակիցներին խնդրել են գնահատել ցավի ուժգնությունը: Նրանք, ովքեր ստացել են անանուխի եթերայուղի ինհալացիաներ, պահանջել են ավելի քիչ դեղաբանական ցավազրկում, քան երկրորդ խմբի հիվանդները:
Հետազոտողները ենթադրում են, որ այս յուղի բաղադրիչները, ինչպիսիք են կարվոնը, լիմոնենը և մենթոլը, ունեն ցավազրկող հատկություն: Հեղինակները նաեւ նշել են, որ յուղը հանգստացնող ազդեցություն ունի։ Արոմաթերապիան կարող է նաև արդյունավետ լինել քնի որակը բարելավելու համար: