Հայրս սրտի երկու բաց վիրահատություն է տարել. մինչև ավտոբուսները հասնեն Ստեփանակերտ, վիճակը կարող է վատանալ. արցախցի մեր հայրենակցի ահազանգը
Արցախում հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մեքենաներով գալ Հայաստան:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանվող մեր հայրենակիցներին տեղափոխող մեքենաների հոսքը՝ շուրջ 60 կմ երկարությամբ ձգվում է Ստեփանակերտից մինչև Հակարիի կամուրջ: Իսկ մեքենաները տևական ժամանակ կանգնած են մնում ճանապարհներին՝ ադրբեջանական կողմից անցնելու գործընթացը ձգձգելու հետևանքով:
Արցախում այս պահին էլ, հազարավոր մեր հայրենակիցների հետ միասին, դեռևս շարունակում են մնալ 168.am-ին ահազանգած Անի Հովսեփյանի ընտանիքի անդամները՝ 60-ն անց հայրը, մայրը, և 80-անց տատիկը: Երիտասարդ աղջիկը հայտնեց, որ իր հայրը վերջին շրջանում սրտի երկու բաց վիրահատություն է տարել: Ստեղծված իրավիճակով պայմանավորված էլ առողջական վիճակը կտրուկ վատանում է: Վերջին պայթյունի հետևանքով շտապօգնությունը ևս չի կարողանում օգնության հասնել: Հազիվ դեղերի միջոցով են կարողանում կարգավորել իր վիճակը:
Այժմ էլ, հուսահատված սպասում են խոստացված ավտոբուսների ժամանմանը, սակայն դեռևս որևէ մեկը հստակ տեղեկություն չի տրամադրում ժամկետների մասով:
«Ծնողներս մնացել են օդում կախված: Ես էլ այստեղից՝ Երևանից, արդեն խելագարության եմ հասնում: Չգիտեմ՝ ինչ անել, որ կարողանամ նրանց տեղափոխել Արցախից: Մենք անձնական տրանսպորտ չունենք: Հայրիկս մեքենա չի վարում: Իրեն ընդհանրապես հուզվել չի կարելի: Վախենում եմ, որ մինչև այդ ավտոբուսները լինեն, արդեն կարող է իր համար ուշ լինել: Ամեն վայրկյան, այդ լարված իրավիճակում, սիրտը կարող է չդիմանալ»,- ասաց մեր Անի Հովսեփյանը:
«Ուտելու բան էլ չունեն, ո՛չ հաց ունեն, ո՛չ սնունդ կա: Գոնե ինչ-որ մեկը լիներ համակարգող, առաջնահերթ հիվանդների տեղափոխություն անեինք: Հայրիկիս վիճակը շատ վատ է, երեկ էլ վատ է եղել: Նորքի հիվանդանոցից, որտեղ վիրահատվել էր, բժիշկներն ասացին, որ հնարավոր է՝ սրտի կաթվածի նախանշաններ լինեն: Գոնե առողջական խնդիրներ ունեցողներին առաջնային տեղափոխեին: Գոնե ինչ-որ մեկը գար, կանգներ այդ մարդկանց դիմաց, ասեր՝ ձեր հարցը լուծվելու է: Հայրենազրկում եք, գոնե այնպես արեք, որ թուրքը չգա ու մտնի իրենց տուն: Չգիտենք, թե ինչ պիտի անենք: Եթե հնարավոր լիներ, կգնայինք ու կբերեինք իրենց, բայց չեն էլ թողնում, թե չէ ես հիմա արդեն էստեղ չէի լինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Անին Հովսեփյանը նաև հայտնեց, որ երկու օր առաջ իրենց հարազատներին կանչել էին ավտոբուսներով տեղափոխման համար հերթագրման: Սկզբում հայտնել էին, թե կտեղափոխվեն 4-րդ կամ 5-րդ ավտոբուսով, սակայն, ավելի ուշ, հերթը հետաձգել էին:
Անի Հովսեփյանն ու իր քույրը սովորում են Երևանում: Այստեղ էին տեղափոխվել դեռևս մինչև Արցախի շրջափակումն ու անցած ավելի քան 1 տարվա ընթացքում չեն կարողացել տեսնել հարազատներին:
«Դե… ինչ լինում է՝ լինի էլի… կմնաք էստեղ՝ թուրքի հետ կապրեք: Ո՞նց ապրեն: Կմտնեն ու հենց այդ պահին կմորթեն: Եթե 8 տարեկան երեխային չեն խղճում, ո՞նց կարող են իրենց խնայել: Նա թուրք է, թշնամի է: Չի հարցնում մեր ու մանուկ: Ոչ մեկին չի կարեկցում ու խնայում: Ով ասում է՝ կարող են ապրել թուրքի հետ, թող գնան ու ապրեն: Ստեփանակերտում մենք շատ լավ տուն ունենք, լավ վերանորոգված, նվիրում ենք, տալիս ենք այդպիսի հայտարարություններ անող ՔՊ-ականներին: Թող գնան ու իրենք ապրեն այդ տանը, իսկ իմ ընտանիքի անդամներն այնտեղից գան»,- վրդովված ասաց նա:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ, պաշտոնական վերջին տվյալներով, Արցախից բռնի տեղահանվածներ մեր հայրենակիցների ընդհանուր թիվը 66.500 է:
Նրա խոսքով՝ սեփական տրանսպորտային միջոց չունենալու պատճառով դեռևս Ստեփանակերտում գտնվող մեր հայրենակիցների համար նախատեսված՝ թվով 35 ավտոբուսներն այս պահին արդեն իսկ գտնվում են Գորիսում: Դրանք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ՝ ճանապարհների ծանրաբեռնվածության պատճառով: Առաջիկայում, ճանապարհային երթևեկության թեթևանալու դեպքում այդ ավտոբուսները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կուղևորվեն Արցախի մայրաքաղաք:
Նազելի Ստեփանյան