
ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի Իսրայելի ցամաքային գործողության առնչությամբ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ Գազայում Իսրայելի ցամաքային գործողության հետ կապված։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Արաբական Միացյալ Էմիրությունները նիստի ընթացքում կձգտի հասնել ՄԱԿ-ի ԱԽ անդամների կողմից պարտավորեցնող բանաձևի ընդունման՝ «անհապաղ հումանիտար դադարի» շուրջ։
Հոկտեմբերի 27-ին 120 երկիր կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը ներկայացրել էր Հորդանանը և որով կոչ էր արվում Գազայում «կայուն հումանիտար զինադադար» հայտարարել։ ԱՄՆ-ն դեմ էր քվեարկել բանաձևին, 45 երկիր ձեռնպահ էր մնացել։
Ըստ աղբյուրների՝ Անվտանգության խորհրդի բանաձևը կոչ է անում «անհապաղ հումանիտար զինադադարի» և հետագա «հումանիտար դադարների»։
Պաղեստինյան կողմից տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է իսրայելական տանկ Գազա քաղաքի հարավում գտնվող Նեթզարիմ խաչմերուկի մերձակայքում։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել այս տեղեկությունները։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։
Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։