Այսպիսի դատերով հասարակությանը փորձում են ցույց տալ, որ չկան բարոյական գծեր. Նարե Սիմոնյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր մեկնարկած ու հետաձգված դատական նիստի ընթացքում նրան աջակցելու են եկել ինչպես քաղաքական ու հասարակական գործիչներ, այնպես էլ համախոհներ, որոնք դատապարտում են քաղաքական նպատակներով հետապնդումները:

Արցախցի ակտիվիստ Նարե Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն օկուպացրած անձը, խոսելով ժողովրդավարության մասին, երկիրը տանում է բռնապետության ճանապարհով:

«Այդ մարդը տիպիկ բռնապետ է, ով սպասարկում է ոչ թե ազգային, այլ թշնամական շահը: Նա ցույց է տալիս հասարակությանը, որ իր մոտ չկան «կարմիր գծեր»: Նա ցույց է տալիս հասարակությանը, որ դատական համակարգն իր անձնական օգտագործման ինստիտուտն է: Այսպիսի դատերով, որոնք միմիայն քաղաքական բռնաճնշումների նպատակ ունեն, փորձում է ցույց տալ հասարակությանը, որ չկան բարոյական գծեր»,- շեշտեց արցախցի մեր հայրենակիցը՝ անդրադառնալով նաև արդար ձայն բարձրացնող արցախցիներին լռեցնելու իշխանությունների գործողություններին:

Սիմոնյանի գնահատմամբ՝ այս օրերին անհեթեթ գործի շրջանակներում կալանավորված է՝ ինչպես Աշոտյանը, այնպես էլ՝ Արցախյան պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Բայցի դրանից, գիտեք, որ 17 տարեկան անչափահաս է ձերբակալված, ով բռնի տեղահանվել է Արցախից, ծնողազուրկ է, տանը հաշմանդամներ կան…

Նա այսպիսով փորձում է վախեցնել հասարակությանը, ցույց տալ, որ յուրաքանչյուրը, ով իր դեմ որևէ բան անի, նույնիսկ 17 տարեկան ծնողազուրկ, տուն ու տեղ կորցրած երեխան՝ իր համար թշնամի է, և նա պատժելու է նրանց»,- ասաց Նարե Սիմոնյանը՝ հավելելով, որ Փաշինյանի համար այս ամենը քաղաքականության դաշտում է, իսկ հանրության համար խոսքը վերաբերում է բարոյականությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

Նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգել ևս 3 ամսով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս