Արմեն Աշոտյանի միտքը, խելքը, կամքը տեղն են, և ի վերջո, դրանք են գերիշխելու երկրում. Աղվան Վարդանյան
«Ընդամենը երեկ մենք հանդիպում էինք ԵԽ մի խումբ պատգամավորների հետ, և հիմնական ասելիքս նրանց այն էր՝ վերջերս Եվրախորհրդարանում ծափահարում էիք, գիտեի՞ք ինչին էիք ծափահարում: Բացատրեցի նաև, թե Հայաստանում ժողովրդավարության վիճակն ինչպիսին է: Մարդիկ երկար ժամանակ արդարանում էին, որ մենք ոչ թե այդ մարդուն էինք ծափահարում, այլ ի աջակցություն Հայաստանի և հայ ժողովրդի,- Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մանրամասնելով,- Ես նրանց բացատրեցի, որ այդ մարդը հայ ժողովրդի հետ կապ չունի, և բռնապետությունը Հայաստանում գուցե ոչ պակաս է, քան հարևան Ադրբեջանում է, ասացի քաղբանտարկյալների մասին: Մարդիկ, իհարկե, տեղեկացված են, բայց կան աշխարհաքաղաքական շահեր»:
Քաղաքական գործիչը համոզված է՝ այնպիսի գնահատականները, ինչպես, օրինակ, օրերս հնչեցրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, թե «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փարոս է», ժամանակին օբյեկտիվորեն կխմբագրվեն:
Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին իր դիտարկումներում պատգամավորն ուշադրություն հրավիրեց իրավապահ համակարգի կողմից հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին թիրախավորելու գործելաոճի վրա. քաղաքական գործիչը համոզված է՝ դա արվում է արցախցիների մոտ հուսահատություն առաջացնելու նպատակով:
«Հայաստանում մեկ անձի բացարձակ իշխանություն է, և այդ մարդու միակ նպատակը՝ հնարավորինս երկարաձգել իր իշխանությունը,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը՝ ապա վստահեցրեց,- Ամեն բան վերջ ունի: Այժմ հետևում ենք Արմեն Աշոտյանի դատավարությանը… Վերջերս ես նրան հանդիպել եմ նաև մեկուսարանում՝ կամքը, ոգին, միտքը տեղը, և, ի վերջո, միտքը, խելքը կամքն են գերիշխելու մեր երկրում»:
Մանրամասները՝ տեսանյութում