Ձեր խաթր եմ բացարկ հայտնում, մի՛ մտեք սրա տակ, էս գործը Ձեր հագով չի, թե չէ ես հո միամիտ չե՞մ, որ հավատամ՝ Դոլմազյանը գնա, կգա ուրիշյանը, ու բան կփոխվի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Երևանի հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցող դատական նիստում փաստեց, որ ՀՀ դատարաններում տեղի ունեցող մի շարք գործընթացներ բովանդակությամբ ոչնչով չեն տարբերվում Բաքվի դատարաններում տեղի ունեցողից:
«Երևի միայն աշխատանքային լեզուն է տարբեր, ու, փառք Աստծո, հայկական մեդիայում շատ ավելի ազատ են, ու հայկական լայն հասարակության այն հատվածը, որը մի քիչ կասկածում էր, որ այս գործը սարքած է, նախորդ նիստին տեսան, որ այն ո՛չ միայն փուչիկ է, այլև քաղաքական հետապնդում ու չարամտություն: Ադրբեջանական դատարաններում այս ընթացքում կատարվածը Հայաստանի գործող վարչախումբն ինչպես ասես՝ չբնութագրեց՝ ֆարս, կեղծ դատավարություն, բեմադրություններ: Ճիշտ են ասում, բայց …»,- ասաց Արմեն Աշոտյանը, ով չհասցրեց ավարտել խոսքը, քանի որ դատավորն ընդհատեց նրան՝ հորդորելով խոսել ըստ էության:
ՀՀԿ փոխնախագահն էլ հակադարձեց՝ ասելով, որ ինքը խոսում է ըստ էության, և խնդրեց չընդհատել իրեն:
«Անցյալ անգամ օրինակը բերեցի. երբ Դուք կարդում եք՝ «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ»՝ չգիտեք, թե այդ վեպը վերջում ինչով է ավարտվելու: Դուք չգիտեք՝ իմ ճառն ինչով է ավարտվելու: Ես հանրային խոսք եմ ասում, ոչ թե մաթեմատիկական բանաձև»,- դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին՝ ասաց Աշոտյանը:
Դատավորը կրկին ընդհատեց.
«Թեև Դուք գիտեք, թե ինչից եք խոսում, դատական նիստի կարգը որոշում է դատարանն ու իրավունք ունի սահմանափակելու դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքների հնարավոր չարաշահումը»:
Դատավորի այս հայտարարությանն այս անգամ արձագանքեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ ասելով.
«Ո՞րն էր չարաշահում: Առարկում եմ Ձեր գործողության դեմ: Որ կալանքը երկարացնում եք՝ չեք նեղվում, բայց որ ադրբեջանականի հետ համեմատություն եք լսում՝ նեղվո՞ւմ եք: Թողեք՝ խոսքն ավարտի: Ձեզ չի վիրավորել, որևէ մեկին չի վիրավորել: Իր խոսքն իր գնահատականն է: Մարդը չի կարող իր կարծիքի համար այստեղ հայտնված լինելով՝ հետապնդվել: Եթե լռեցնելու եք՝ եկեք մենք չմասնակցենք: Բոլորս գնանք այս դատարանից»:
Արձագանքելով դատավորի գործողություններին՝ Աշոտյանն էլ հայտարարեց, որ իր խոսքը Վահե Դոլմազյանին անվստահության հայտնելու մասին է ու շատ ըստ էության է:
«Ինչո՞ւ եք նեղվում ադրբեջանական կողմի հետ զուգահեռներից: Ձեր վարչապետն է ասել՝ «թուրք ասելուց չեմ վիրավորվում»: Հասկացեք այս տրամաբանական դիլեման: Հիմա համաձա՞յն եք նրա հետ, այդ դեպքում մի՛ նեղվեք: Համաձայն չեք՝ ինչո՞ւ եք նման վճիռներ կայացնում»,- հայտարարեց Աշոտյանը:
Արձագանքելով Աշոտյանին՝ դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ դատարանն անկախ է և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ:
Դատավորի այս խոսքի վրա՝ դատական նիստերի դահլիճից բարձր ծիծաղ լսվեց, ինչին հետևեց դատավորի նկատողությունը:
«Լռություն դահլիճում, տիկին Զոհրաբյան: Հակառակ պարագայում դատական նիստը խախտելու համար կարող եք դուրս հրավիրվել դատական նիստերի դահլիճից»,- ասաց դատավորը՝ խոսքն ուղղելով դահլիճում ներկա Նաիրա Զոհրաբյանին:
Այնուհետև դիմելով Արմեն Աշոտյանին՝ դատավորը թույլատրեց շարունակել խոսքը, սակայն՝ առանց ադրբեջանական կողմի հետ զուգահեռների, ինչին Աշոտյանն արձագանքեց.
«Դուք ինձ չեք կարող գրաքննության ենթարկել: Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի ազատությունը, խղճի ազատությունը, արտահայտվելու ազատությունը: Եթե «ադրբեջանական» բառը վիրավորանք է, ապա հասկանանք՝ Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ: Կարո՞ղ է մի հատ էլ բառերի քանակ տաք, ասեք՝ դրանով շարադրություն կազմիր: Թողեք խոսեմ»,- խոսքը դատավորին ուղղեց Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀ գործող վարչախումբն ադրբեջանական դատական համակարգի գործողություններին ճիշտ գնահատական տալուց հետո պետք է նաև «իր աչքի փուշը» տեսնի:
Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ դատարանն այդ պահին թույլ չի տալիս շարունակել խոսքը՝ Աշոտյանին առաջարկելով նստել: Երկար բանավեճ սկսվեց դատավորի ու մեղադրյալի միջև.
«Ես Ձեզ բացարկ եմ ներկայացնում, հերթով հիմնավորում եմ, թե ինչու եմ դա անում…»:
– Մեղադրյալ Աշոտյան:
– Այո՛, դատավոր Դոլմազյան:
– Դատարանին դիմում են «պատվարժան դատարան»:
– Դատարանին՝ այո՛, բայց ես խոսում եմ Ձեզ հետ:
– Դուք խոսում եք դատարանի հետ:
– Եթե օրենքով է՝ ուզում եք, կարող ենք «Царь и Бог» էլ ասենք, դրանից որևէ բան չի փոխվում:
– «Царь и Бог» կդիմեք նրանց, որոնք Ձեզ համար «Царь и Бог» են:
– Ես ինքս կորոշեմ՝ ում դիմել: Հիմնավորեք, թե ինչու եք խոչընդոտում ինձ:
– Ձեզ համար գուցե վարչախումբ է… Բայց դատարանն արդարադատությունը կատարում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՔԴ օրենսգրքով ու դրանց վերաբերող իրավական դրույթներով,- ասաց դատավոր Վահե Դոլմազյանը՝ Արմեն Աշոտյանին հորդորելով նստել, մինչև դատարանն ավարտի ասելիքը:
Դատավորը փորձեց հիմնավորել Աշոտյանի ելույթը դադարեցնելու՝ դատարանի հիմնավորումները: Նա հայտարարեց, թե դատարանն ապաքաղաքական մարմին է, իսկ Աշոտյանն իր ելույթները հիմնում է քաղաքական հայտարարությունների վրա:
«Ավելին, Ձեր ելույթը համեմված է ադրբեջանական դատավարական պրոցեսների հետ, ինչն այդպես չի կարող լինել՝ ՀՀ-ում առկա իրականության հետ»,- ասաց դատավորը:
Այս խոսքին արձագանքելով՝ Տիգրան Աթանեսյանը հետաքրքրվեց դրա պատճառի մասին՝ խնդրելով պարզաբանել ասվածը.
«Իմ կանգնելուց նեղվո՞ւմ եք: Պարզաբանեք, թե ինչու ադրբեջանական դատավարությունը չի կարող կապ ունենալ ձեզ հետ: Որովհետև ադրբեջանցի՞ են, թե՞ անօրինական են»:
Դատավորն այս անգամ էլ դիտողություն արեց Տ. Աթանեսյանին՝ ասելով, որ նա չի կարող առանց դատարանի թույլտվության ոտքի կանգնել ու խոսել:
Դիմելով Աշոտյանին՝ Դոլմազյանն ասաց, որ նա իրավունք ունի իր նկատմամբ բացարկ հայտնել՝ առանց այլ խոսքերի, սպառնալով հակառակ դեպքում դատական սանկցիա կիրառել Աշոտյանի նկատմամբ:
«Միանգամից վճիռը հրապարակեք՝ պրծնենք: Այսքան մարդկանց ինչի՞ եք տանջում: Թողեք՝ խոսեմ: Խոսքի՞ց եք վախենում: Ես գիտեմ, թե ինձ ինչու են նստեցրել: Ինձ սրա (նկատի ունի՝ խոսելու։- Ն. Ս.) համար են նստացրել: Հիմա էլ Դուք ինձ զրկում եք այս խոսքի հնարավորությունից՝ այս դատական դահլիճում: «Ադրբեջան» բառից ինչո՞ւ եք նեղվել: Երկրի ղեկավար ներկայացող մարդը երևի գիշերն է՛լ է արտաբերում այդ բառը: Ինչո՞ւ եք նեղվում»,- դիմելով դատավորին՝ ասաց Արմեն Աշոտյանը:
«Դե, Դուք շատ եք սիրում այդ բառը»,- արձագանքեց դատավորը:
Աշոտյանը հակադարձեց՝ ասելով, որ՝ «շատ է սիրում, մանավանդ նրա կատարմամբ» (նկատի ունի Փաշինյանին։- Ն.Ս.) Դուք էլ իրեն եք սիրում, երևի»,- ասաց Աշոտյանը:
Դատավորն էլ արձագանքեց.
«Ինչքան Դուք եք սիրում»:
Դահլիճում բարձր քրքիջ լսվեց:
Դիմելով ներկաներին՝ Աշոտյանը հայտարարեց, որ դատավորին իրենց կողմից ներկայացվող բացարկը ոչ թե իր, այլ դատավորի համար են անում:
«Ես շատ լավ գիտակցում եմ, որ եթե պարոն Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնի էլ այս կամ Հայաստանի գործող որևէ դատարանում, օբյեկտիվ դատաքննություն որսալու հավանականությունն ավելի ցածր է, քան Մարսում կյանք գտնելու: Ես հո միամի՞տ չեմ, որ մտածեմ՝ պարոն Դոլմազյանը գնա՝ կգա պարոն ուրիշյանը, և ինքը կլինի ավելի լավ դատավոր: Ես շանս եմ տալիս պարոն Դոլմազյանին ու բոլոր այն մարդկանց, որոնք առաջին երկու դատերի ժամանակ չդիմացան՝ բազմաթիվ խնդիրների պատճառով»,- ասաց Աշոտյանը:
Դատավոր Դոլմազյանը, սակայն, հորդորեց դատարանի ու դատավոր մասին չմտածել:
Աշոտյանը շարունակեց՝ հայտարարելով, որ դատական ցանկացած գործ ունի երեք սցենար.
«Սցենար համար 1. դատավորն արդար է, կասկած չի հարուցում, պրոցեսը գնում է, օք է: Նախորդ նիստերին տեսանք, որ այդպես չէ:
Սցենար համար 2. դատավորն անարդար է, և գնում է այդ անարդարության ճանապարհով: Դա նախորդ նիստին չտեսանք:
Երրորդ սցենար. Մի հատ շունչ քաշեք, գցեք Ձեր վրայից այս գործը: Այս գործը Ձեր վրայով չէ: Այս գործը ոչ մեկի վրայով չէ: Մի՛ մտեք ուրիշի մեղքի տակ: Եթե ոմանց թվում է, թե տարբեր մարդիկ կորցնելու բան չունեն՝ ասեմ, որ դա սխալ ընկալում է: Մտածեն, թե՝ լավ դե, «էլ կորցնելու բան չունեմ, սրա տակ էլ մտնեմ»: Կա մի հատ շատ լավ գիրք, որը պատմում է այն դեպքերի մասին, թե ինչպես են այն մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կորցնելու բան չունեն՝ իրականում պայծառանում: Այդ՝ կորցնելու բան չունեցող մարդկանց շարքում, գրքում ներկայացվում է, օրինակ՝ արյունարբու մարդասպանը, անհույս մարմնավաճառը, կոռումպացված հարկահավաք կա, անարդար դատավոր կա: Այդ գիրքը կոչվում է Աստվածաշունչ: Այնտեղ նկարագրված են այս բոլոր դեպքերը, որտեղ մարդկանց թվացել է, թե իրենք անհույս են, բայց չէ: Իրենք էլի կորցնելու բան ունեն: Բոլոր պարագաներում էլ կորցնելու բան շատ կա: Անգամ իմ թվարկած դեպքերում: Մարդկանց թվացել է, թե կորցնելու բան չունեն, բայց պարզել են, որ գտնելու բան ունեն,- ասաց Աշոտյանը՝ բերելով մեկ այլ օրինակ,- Կանադայի խորհրդարանում վերջերս մի զառամյալ ծերունու էին ծափահարում: Աշխարհի մեդիաների ուշադրության կենտրոնում էր ու ընդունում էր ծափողջույններ: Պարզվեց ի՞նչ, որ 80 տարի հետո էլ արդարության հետևից եկողներ կան, համաշխարհային խայտառակությունն ու համաշխարհային արդարադատությունը գործում են: Պարզվեց՝ կապ չունի՝ քանի տարի է անցնում՝ սխալի ու մեղքի հետևից՝ մեկ է, գալիս է պատասխանը: Այդ Կանադայի պապիկի, իսկ իրականում՝ նացիստի պատմությունը դրա մասին է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ իր գործի շրջանակներում կայացած վերջին նիստից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ դատավորի հետևից պետք է գային «համաշխարհային IT գիգանտները», քանի որ 5 ժամ տևած նիստի ընթացքում ստացված հսկայական ինֆորմացիայի պարագայում անգամ արհեստական բանականությունը չէր կարողանա գրանցել այդ տեղեկությունը, ուր մնաց՝ արդար դատավարություն իրականացներ:
«Բայց մեր դատավորը, առանց շունչ քաշելու, առանց անգամ վայրկենական դադարի, մարսեց այդ գիգաբայթերի ինֆորմացիան, անալիզների արդյունքում տեղում տվեց իր ճիշտ որոշումն ու դատարանի «տաբլոյի» վրա բերեց իմ խափանման միջոցը 3 ամսով երկարացնելու որոշումը:
Բա սա հրաշք չէ՞: Սա հրաշք է: Հրաշքն էլ ո՞նց է լինում տեղեկատվական դաշտում: Էսպես է լինում, որ 5 ժամանոց նյութերը, տեղեկությունները, մարդիկ, խոսքեր, փաստեր, հանգամանքներ… միանգամից, օնլայնից ուժեղ վերլուծեցիք, օնլայնից ուժեղ հասկացաք՝ այդ տեղեկատվական «ամպի» մեջ ոնց պետք է որոշում կայացնել: Գոնե ձևի համար 10 րոպեով մտնեիք խորհրդակցական սենյակ: Էդպես միանգամից ծնվեցին, հա՞, էդ բոլոր հոդվածների վրա հղումները, որոնցով ես, մեկ է՝ պետք է նստեմ, այդ հիմքերը… այսինքն, սա էլ էր, չէ՞, փաստ, որ մարդն եկել է այս նիստին՝ արդեն պատրաստի որոշումով: Չգիտեմ ՝ այդ որոշումը Whatsapp-ով են ուղարկել, Signal-ով են ուղարկել, ծիտիկն է բերել… բայց դա հաստատ արդարադատության որոշում չէր: Ես նաև ա՛յդ պատճառով չեմ վստահում Ձեզ»,- շեշտեց Աշոտյանը:
Այս համատեքստում նա խորհրդանշական համարեց փաստը, որ այսօր «Քաղաքական բռնաճնշումների զոհերի» հիշատակի օրն է՝ հայտարարելով, որ դա միայն սովետական ժամանակահատվածին չէ, որ վերաբերում է:
«Հայաստանում էլ կան քաղաքական հետապնդումների զոհեր՝ բառի բուն իմաստով: Օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, ոչինչ, չէ՞, որ անունը տալիս եմ: Օրինակ՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ու ավաղ, էլի մարդիկ: Ու այդ մարդկանց մահվան հիմքում էլ, քաղաքական բռնաճնշման անվան տակ, կան կոնկրետ մարդիկ, դեպքեր, գործողություններ, անարդարություններ:
Վերջիվերջո, Հայաստանի թիվ մեկ խնդիրն այն չէ, որ մենք ունենք Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ: Հայաստանի խնդիրն այն է, որ լիքը պուճուր նիկոլներ, տարբեր համակարգերում այլևս գոյություն ունեն՝ ԱԺ-ում, դատական իշխանությունում, իրավապահ համակարգում, արտգործնախարարությունում…»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը, ում խոսքը կրկին ընդհատեց դատավոր Դոլմազյանը, սակայն նա շարունակեց իր խոսքը՝ կոչ անելով սպանել իրենց մեջ այդ «նիկոլին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան