Մեքսիկայում «Օտիս» փոթորկի զոհերի թիվը հասել է 48-ի
Մեքսիկայում մոլեգնած խաղաղօվկիանոսյան «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 48 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
«Զոհվել է 48 մարդ՝ 43-ն՝ Ակապուլկո դե Խուարեսում և 5-ը՝ Կոյուկա դե Բենիտեսում, 6 մարդ համարվում է անհետ կորած։ Վնաս է հասցվել մոտավորապես 273 844 բնակելի տան։ Վնասվել է զբոսաշրջության հատվածի օբյեկտների մինչև 80%-ը», – ասված է հաղորդագրության մեջ։
Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել 513,5 հազար օգտատերերի մոտ, 281,7 հազարի սպասարկումն արդեն վերականգնվել է։ Տարբեր աստիճանի վնաս են ստացել 120 հիվանդանոց և կլինիկա։ Նահանգի մի քանի առանցքային ճանապարհներ շարունակում են մնալ արգելափակված։ Տարածաշրջանում փոթորկի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 8500 զինծառայող և էներգետիկ ընկերությունների 1300 աշխատակից։
«Օտիս» փոթորիկը հոկտեմբերի 25-ի գիշերը հասել է Ակապուլկո քաղաքի մերձակայքի ցամաք՝ ավելի վաղ ուժեղանալով մինչև հինգերորդ աստիճանի՝ ըստ Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի: Փոթորկի քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասել է 75 մ/վրկ-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 39 զոհի մասին: