Աջակցության ծրագրերը շարունակական են լինելու. Գերմանական Կարմիր Խաչի պաշտոնյան՝ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռից, հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Գերմանական Կարմիր Խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայորդիներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։

Նշվում է, որ, իր հերթին, Բարբարա Բոշը, անդրադարձ կատարելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի գործունեությանը, խոսել է նաև «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Գթության խոհանոց» ծրագրի մասին։ Բարբարա Բոշը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես առաջնահերթ են նկատվելու բռնի տեղահանված արցախցիների կարիքները։

Վերջում Հայոց Հայրապետը, ի դեմս ներկաների, իր գնահատանքը փոխանցեց Գերմանիային և գերմանացի ժողովրդին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Տեսանյութեր

Լրահոս