Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Լուանդայում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-27-ը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, այցի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխխոսնակը կարեւորել է Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը և Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան:

Հակոբ Արշակյանը խոսել է Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների մասին, շնորհակալություն հայտնել տրամադրված աջակցության համար:

«2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել շուրջ 150 քառակուսի կմ տարածք»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա համոզմունք է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը:

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս