Մեկնարկում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային ևս մեկ հատվածի շինարարությունը
Հայաստանի և առհասարակ Կովկասյան տարածաշրջանի համար տնտեսական ու ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության մեկնարկը դառնում է առավել քան իրատեսական։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ ու «Թունել Սադ Արիանա» ընկերությունների միջև կայացավ համատեղ կնքվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագրի ստորագրման պաշտոնական միջոցառումը:
«Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու համար չափազանց կարևոր օր է, քանի որ վերջապես հարավային հատվածի շինարարության մեկնարկն է տրվում։ Այն իրականացնելու են երկու իրանական ընկերություններ։ 214 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված 32 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը պետք է ավարտվի երեք տարի անց։ Քաջարանի թունելի հատվածն առանձին նախագիծ է, այժմ քննարկվում են հայտ ներկայացրած ընկերությունների մրցութային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթի մասին։ Տվյալ թունելի միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ շրջանցել Մեղրիի լեռնանցքը։ Քաջարանից դեպի Ագարակ հատվածը 43 կիլոմետր է, որից 32 կիլոմետրի շինարարության մեկնարկը տրվում է այսօր ստորագրվելիք պայմանագրով։ Մնացած հատվածի վերաբերյալ մրցույթը կհայտարարվի սեղմ ժամկետում։ Քաջարանի թունելի կառուցման աշխատանքները ֆինանսավորող բանկերից մեկին արդեն իսկ փոխանցվել է նախնական բյուջետային հայտը, որը հաստատվել է և ֆինանսավորման աղբյուրը հստակ է։ Տվյալ բանկի հետ հիմնադրամն այս պահին աշխատում է մրցութային փաստաթղթերն ամբողջականացնելու և մրցույթ հայտարարելու ուղղությամբ»,- նշեց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Նրա ներկայացմամբ՝ ընդհանուր այդ հատվածում նախատեսվում է կառուցել բազմաթիվ մեծ ու փոքր կամուրջներ և երկու փոքր թունելներ՝ համապատասխանաբար 800 և 400 մետր երկարությամբ։ Դա, ըստ էության, Մեղրի քաղաքը շրջանցող հատվածն է, որն էլ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային կտորն է։ Ճանապարհն ունենալու է երեք երթևեկելի գոտի, որի երկայնական ու լայնական թեքություններն ամբողջությամբ կառուցվելու են առաջին կարգի ճանապարհի պարամետրերով։ Իրականացվելու են հսկայական հողային և բետոնային աշխատանքներ, որոնց մեծ հաշվով չեն կարող խանգարել անգամ անբարենպաստ եղանակային պայմանները, թեև Հայաստանի հարավում սովորաբար ցուրտ ձմեռ չի լինում։ Հիմնական ասֆալտապատման աշխատանքներն իրականացվելու են ավարտական փուլում։ Ունենալու ենք շատ լավ ու գեղեցիկ ճանապարհ։ Հաստատված նախագծում փոփոխություններ չկան, հնարավոր է միայն դետալների փոփոխություն, բայց նախագծային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Շինարարությունն իրականացնելու են իրանական ընկերությունները, իսկ հետագայում, եթե իրանական կողմը որոշի ֆինանսավորել նաև առանձին հատվածների կամ հատվածի կառուցումը, ապա այդ հարցի կապակցությամբ կլինեն քննարկումներ։ Վերոհիշյալ երկու իրանական ընկերություններն էլ տվյալ բնագավառում հայտնի գործընկերներ են, ունեն համապատասխան փորձառություն, մեծ ներուժ և հեղինակություն։ «Թունել Սադ Արիանա»-ի հետ նախկինում արդեն իսկ իրականացվել է հայ-վրացական սահմանի «Բարեկամության» կամրջի շինարարությունը, որի շահագործումը սկսվել է նախորդ տարվանից և որի դիտարկումն իրականացվել է իրանցի պաշտոնյաների ներկայությամբ»,- ասաց Ավետիսյանը։
Նա շեշտեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղին թեև անցել է որոշակի բարդությունների միջով, փոփոխություններ եղել են շատ հատվածներում, բայցևայնպես հաջորդ տարի նախատեսվում է Սիսիանից դեպի Արտաշատ ճանապարհի նախագծումը նույնպես ավարտել, որպեսզի գոնե հարավային ամբողջ հատվածի համար հնարավոր լինի վերջնաժամկետ նշել, հետևաբար այս պահին դոնորների հետ քննարկվում է ամբողջական նախագիծը, քանի որ միջազգային դոնորները սովորաբար դիտարկում են ամբողջական պրոյեկտները։
Մանվել Մարգարյան