ALDE-ն կոչ է անում ավելացնել տնտեսական աջակցությունը Հայաստանին ՝ ԼՂ-ի հայերի օգնելու համար
Ռումինիայի Բուխարեստ քաղաքում հավաքված «Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության խորհուրդը Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքների վերաբերյալ բանաձև է ընդունել։ X-իր իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Խորհուրդը արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակական հումանիտար ճգնաժամ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի համար, Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության մահվան և մոտ 120 000 հայերի էթնիկ զտման, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից և միջնորդական անհաջող ջանքերից հետո լարվածությունը սպառնում է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժմամբ։
Խորհուրդը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կիսում է ամուր մշակութային և կրոնական կապերը Եվրոպայի հետ և ձգտում է ավելի սերտ համագործակցության Եվրոպայի և արևմտյան հանրության հետ։ Ադրբեջանն իր նավթային և գազային դիվանագիտության միջոցով ազդեցություն է գործում արևմտյան և եվրոպական երկրների վրա, իսկ միջազգային հանրությունը չի կարողացել կանխել հայերի էթնիկ զտումները»,- գրել է Մարուքյանը։
Խորհուրդը կոչ է անում ավելացնել տնտեսական աջակցությունը Հայաստանին ՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար, ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներին:
«Խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, որը երաշխավորում է հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների հետաքննության համար:
Խորհուրդը նաև կոչ է անում արգելել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորումները և էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
Խորհուրդը դատապատում է Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
Խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման կոչ է անում, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:
Խորհուրդը կոչ է անում ակտիվացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ ԵՄ քաղաքական և դիվանագիտական համագործակցությունը և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհ բացել, ապահովել տարածաշրջանում նրա անվտանգությունը և խաղաղությունը։
Խորհուրդը կոչ է անում դիվերսիֆիկացնել նավթի և գազի մատակարարումները՝ Ադրբեջանից Արևմուտքի կախվածությունը նվազեցնելու համար»,- գրել է Մարուքյանը։