Երևանն ու Թբիլիսին հեռավորություն են պահպանելու «3+3»-ից․ ինչո՞ւ է Թեհրանը շահագրգռված այս ձևաչափով հանդիպումներով

Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,- նշել էր Կոստանյանը։

Նա հավելել էր, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։

Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն էր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել, որ Երևանը պատրաստ է Թեհրանում նախատեսվող «3+3» ձևաչափով քննարկումներին, շեշտելով՝ դա դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: «3+3» ձևաչափին նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ըստ Մոսկվայի՝ կողմերը համեմատել են դիրքորոշումները հարթակի գործունեության շուրջ, պայմանավորվել շարունակել շփումները։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168am-ի հետ զրույցում ասաց, որ տարածաշրջանային գրեթե բոլոր երկրներն ունեն կոնսենսուս 3+3 ձևաչափի շուրջ։ Սա, նրա խոսքով, տրամաբանական է, քանի որ չեն ցանկանում ռեգիոնում այլ ուժերի ակտիվություն։ Այլ ուժեր ասելով, ըստ նրա՝ նկատի է առնվում Արևմուտքը։

Վերլուծաբանը հիշեցրեց, որ Իրանի դիրքորոշումն այս մասով հայտնի է, և Իրանը հայկական կողմի հետ իր բոլոր բանակցություններում, հրապարակային հայտարարություններում այս մասին հայտնում է, որ ռեգիոնում երրորդ ուժեր չպետք է լինեն։

«Այս ձևաչափն Իրանին հետաքրքիր է հենց այդ մասով։ Սա հնարավորություն կտա բոլոր հարցերը՝ և քաղաքական, և տնտեսական, ենթակառուցվածքային, քննարկել ռեգիոնալ ձևաչափում, այդ թվում՝ անվտանգային հարցերը, որն իր հերթին՝ կփակի Արևմուտքի համար հնարավորությունը՝ միջամտել տարածաշրջանային հարցերին։ Այս մասին Իրանը սկսեց շատ ավելի ակտիվ խոսել, երբ հայտնվեցին տարածաշրջանում եվրոպացի դիտորդներ։ Հասկանալի է, որ ռեգիոնում կան անվտանգային խնդիրներ, ՀՀ-ն ունի մտահոգություններ, որոնք Իրանը կիսել է ու ՀՀ-ում հյուպատոսություն է բացել, ուղերձներ հղել, որին հաջորդել է դիտորդների մուտքը ռեգիոն։

Իրանը մշտապես խոսել է այս երևույթի ապակայունացնող ազդեցության մասին։ Եթե ռեգիոնում լինի լավ համագործակցություն և փոխըմբռնում, ռեգիոնալ անվտանգությունը կարող է ամրապնդվել հենց ռեգիոնալ ռեսուրսներով։ Այս հարցում կոնսենսուս ունեն Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Հայաստանն ու Վրաստանը հեռավորություն են պահպանում կարծես, հաշվի առնելով Արևմուտքի հետ իրենց հարաբերությունները։ Սա է պատճառը, որ Թբիլիսին այն մերժել է ի սկզբանե, իսկ Երևանը, կարծում եմ, չի հրաժարվի, սակայն առավելապես կողմնորոշվում է դեպի Արևմուտք։ Հասկանալով Երևանի հարաբերություններն Անկարայի, Բաքվի և Մոսկվայի հետ, այս առաջարկն անում է Թեհրանը, սակայն մեծ հույսեր չկան, որ այս փուլում փորձերը՝ արդյունավետորեն կայացնել այս ձևաչափը, կհաջողվեն։ Դա նշանակում է, որ ամենակարևոր Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ևս ռեգիոնալ ձևաչափերում չեն քննարկվի, այլ կբանակցվեն Արևմուտքում»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս