Ցանկացած պահանջ կատարվում է. դռները բացել են ու ասում են՝ «էստի համեցեք». Վահագն Մելիքյան

«Տարածաշրջանային լարումների ու աշխարհաքաղաքական առկա իրավիճակում Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վատից վատագույնի հասցված իրավիճակը, կարծում եմ, հնարավոր կլիներ մի փոքր մեղմել՝ ճիշտ դիվանագիտության միջոցով»,- «Հայկական օրակարգ»-ի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ այս պահին Հայաստանն այդ հնարավորությունը չունի, իսկ լծակ ունեցողները հակառակ մոտեցում են ցուցաբերում:

Հանրային հեռուստատեսության եթերում ու Եվրախորհրդարանում ՌԴ-ի վերաբերյալ  Փաշինյանի հնչեցրած իրարամերժ հայտարարություններն էլ  Մելիքյանը մեկնաբանեց,  որ դաշնակցի հարցը քննարկման ու դիտարկման առարկա չէ, ինչպես անում են ներկա իշխանությունները:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը՝ դեպի Արևմուտք: Որպես հավելում՝ նա ասաց, որ ՌԴ-ի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն այս ամբողջ ընթացքում փոփոխության չի ենթարկվել ու ՀՀ-ի կողմից լիարժեքորեն կատարվել է:

Փաշինյանի այս հայտարարությունը, սակայն, լիարժեքորեն տարբերվում էր դրանից 7 օր անց Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթից: Մասնավորապես Ստրասբուրգում նա հայտարարեց. «երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան՝ անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», ինչը, սակայն, նրա խոսքով, ձախողվել է:

Կարդացեք նաև

Փաշինյանն իր ելույթում նաև շեշտադրել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի գնահատմամբ՝ իրավիճակն ապաշնորհ քաղաքականության ու չեղած դիվանագիտության արդյունքն է:

«Եթե վերցնենք, որ, ինչպես իրենք են արտահայտվում, մենք նոր դաշնակիցների փնտրտուքների մեջ ենք, ապա չի խոսվում, թե նախ ովքեր են այդ դաշնակիցները: Բայց տնային աշխատանքը, որպես այդպիսին, արված չէ: Պահի տակ, պարզապես բարձրաձայնված ինչ-որ հայտարարություններ են, որ, մի գուցե, 3 օր հետո մեկ ուրիշ եթերից ու ամբիոնից լսենք արդեն 3-րդ աբսուրդը»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս կիրառվում են այնպիսի գաղափարներ ու տերմիններ, որոնք նախկինում երբևէ, անգամ քննարկման առարկա չեն եղել:

«Անկլավներն, այսպես ասած, «վերևից իջեցված» նորամուծություն են, եթե կուզեք՝ պարտադրանք: Ու, քանի որ այդ իներցիոն վիճակն այնքան է առաջ գնացել, որ դռներն ուղղակի բացել են ու ասում են՝ «էստի համեցեք»: Իսկ ցանկացած պահանջ կատարվում է»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այս պարագայում, քաղաքականությունից, բանակցություններից ու դիվանագիտությունից գաղափար չունեցող հասարակությանը դա շատ հեշտ է այլ ձևով ներկայացնելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս