Մերձավոր Արևելքում անվտանգության համակարգը՝ փլուզման շեմին․ ի՞նչ սպասել Հայաստանում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։

Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։ «Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո, իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության սրման վտանգի և, մասնավորապես, ընդհարմանն Իրանի անմիջական միջամտության սպառնալիքի կապակցությամբ։ Ելույթ ունենալով CBS հեռուստաալիքի եթերում՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ռազմական գործողությունների նոր ճակատի առաջացման հավանականությունը։ «Մենք չենք կարող բացառել, որ Իրանը կնախընտրի այս կամ այն կերպ ուղիղ (ռազմական) հակադրման մեջ մտնել։ Մենք պետք է պատրաստվենք»,- բացատրել է Սալիվանը:

«Սա վտանգ է, և դա վտանգ է, որի մասին մենք տեղյակ ենք եղել ի սկզբանե»,- ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով պատերազմին Իրանի միջամտության հեռանկարը, որն առաջ է եկել Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա «Համասի» հարձակման հետևանքով։

«Այդ իսկ պատճառով նախագահը գործում է այդքան արագ և վճռական՝ ավիակիր ուղարկելով Միջերկրական ծովի արևելյան հատված, ինքնաթիռներ ուղարկելով Պարսից ծոց, քանի որ նա շատ հստակ ուղերձ հղեց ցանկացած ազգի կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի շահարկել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հայտարարեց երկրորդ ավիակիրի տեղակայման մասին՝ զսպելու «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ «Համասի» հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը»: Միջերկրական ծովի արևելքում «Էյզենհաուեր» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տեղակայվել էր հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից հետո:

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ արդեն 9-10 օր է՝ իսրայելապաղեստինյան հակամարտությունը մեկնարկել է, ընթանում է բավականին ինտենսիվ թափով։

«Իսրայելը հայտարարել էր ցամաքային օպերացիայի մեկնարկի մասին, ինչը դեռ չի սկսել, ուշացնում է, թերևս չցանկանալով շտապել այն սրելու հարցում, թեև արդեն իսկ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները լրջագույն հումանիտար խնդիրներ են առաջացրել։

Իսրայելն ու նրա դաշնակիցներն իրենց ճնշումները չեն պակասեցնում, ավելին, Արևմուտքն ընդհանուր առմամբ ճնշում է բանեցնում  ՀԱՄԱՍ-ի ու Իսրայելի այլ հակառակորդների նկատմամբ, որպեսզի այլ սրացումներ չլինեն։ Նկատում ենք, որ չնայած Իսրայելին ԱՄՆ-ը ոգևորում է, Իսրայելը չի դադարեցնում գործողությունները, ԱՄՆ-ը փորձում է ընդլայնում թույլ չտալ, մերձավորարևելյան այլ երկրների և Իրանի հնարավոր մասնակցությունից այս կամ այն կերպ խուսափում են, թեև Իրանն ուղիղ կերպով նման մտադրություն չի հայտնել։

Սակայն Իրանը նաև հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդին շարունակելու է աջակցել և այդ հարցում իր դիրքորոշորւմները չի պատրաստվում փոխել, և Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը կանի հնարավորն Իսրայելը ճնշումները և պատերազմական քայլերը դադարեցնելու համար, վաղը կարող է ուշ լինել։ Այս դեպքում ավելի նպատակահարմար կլիներ, որ ԱՄՆ-ը իր դաշնակից Իսրայելի միջոցով փորձեր այնպես անել, որպեսզի Մերձավոր Արևելքում իրավիճակը չդառնար անկառավարելի, թեև հայտարարվել է Բայդենի այց Իսրայել՝ որպես աջակցության նշան Իսրայելին։ Այնուամենայնիվ, շարունակելով պատերազմը, Իսրայելը նաև իր հայտարարած հետագա քայլերը չի շտապում իրականացնել»,- նման կարծիք հայտնեց Կայհան Բարզեգարը։

Նա նշեց, որ սա շատ կարևոր փուլ է Մերձավոր Արևելքի և հարակից ռեգիոնների համար։

«Աշխարհում փոխզսպման մեխանիզմների փլուզման փուլում, եթե այնպես ստացվի, որ այս ռեգիոնում էլ ինչ-որ բաներ փլուզվեն, դա կարող է բավականին լուրջ հետևանքների հանգեցնել։ Մերձավոր Արևելքում իրավիճակի ցանկացած փոփոխություն, բնականաբար, կունենա իր հետևանքը նաև Հարավային Կովկասի վրա։ Այս դեպքում նույնիսկ բարդ է հստակեցնել, թե համակարգի փլուզումը սկսվել է Հարավային Կովկասից թե մեկ այլ ռեգիոնից և շարունակությունն ինչպես կարող է լինել։ Այնուամենայնիվ, նոր իրավիճակ ոչ մի ռեգիոնում դեռ հաստատված չէ ու, հաշվի առնելով Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս փոխկապակցվածությունը, կարելի է ասել, որ եթե իսրայելապաղեստինյան հակամարտությունը շարունակի խորանալ ու ընդլայնվել, դա ամենածանր զարգացումը կլինի։ Հենց սա էլ քննարկել են Ֆրանսիայի ու Իրանի ղեկավարները, «ընդլայնում» ասելով՝ նկատի ունենալով հենց ռեգիոնալ իրավիճակը, այնպես էլ հետևանքները հարակից ռեգիոններում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա գտնում է, որ խոսքը նաև Հարավային Կովկասի մասին է։ «Եթե հարակից ռեգիոններում իրավիճակն անվերահսկելի դառնա, սա կանդրադառնա նաև Հայաստան-Ադրբեջան առանց այն էլ բարդ բանակցությունների վրա։ Եթե Մերձավոր Արևելքի զսպման բոլոր մեխանիզմները ևս տապալվեն, դա շղթայական ազդեցությամբ կտարածվի նաև Հարավային Կովկասի, այս դեպքում՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Ներկայումս ավելանում է ուժի բաղադրիչը, քանի դեռ զսպման նոր մեխանիզմներ չկան։ Բոլոր երկրները սա պետք է հիմք ընդունեն։ Ուստի անհանգստությունների շարքում Մակրոնն ու Ռաիսին նաև Հարավային Կովկասը նկատի ունեն։ Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան պատերազմից հետո երկու երկրներն էլ Հայաստանի անվտանգության հարցում նոր դերակատարում են ցանկանում ստանձնել, և նրանց մտահոգությունը պատահական չէ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս