Եթե Արևմուտքը հավելյալ բարձրաստիճան ջանքեր չներդնի հայ-ադրբեջանական գործընթացում, ապա դուրս կմնա ռեգիոնից․ վերլուծաբան
Նախօրեին Բիշքեկում Ալիև-Պուտին բանակցություններին հաջորդեց այսօր ՌԴ նախագահի հայտարարությունը, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում։ Կրեմլի ղեկավարն այս մասին խոսել է Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ ցանկացած ձևաչափով։ «Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ հավելել, որ ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, իսկ Մոսկվան իր կողմից պատրաստ է «անհրաժեշտ պայմաններ ստեղծել»։
Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բիշքեկում նախօրեին կայացել էր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի սկզբում Պուտինը հիշեցրել էր, որ ոչ այդքան վաղ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շփվել է հեռախոսով և հավելել, որ հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: «Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց ունենք նաև այլ օրակարգ, որը բավականին ծավալուն է»,- ասել է Պուտինը՝ առաջարկելով զգայուն հարցերը քննարկել դեմ առ դեմ:
Ալիևը ողջունել է Պուտինի առաջարկը:
«Ուրախալի է, որ Ղրղըզստան պետական այցի շրջանակում ժամանակ եք գտել հանդիպման համար: Իրականում հարցերը շատ են: Կարծում եմ՝ ձեր առաջարկը խելամիտ է»,- ասել է Ալիևը:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է այսօր, Փաշինյանը հրաժարվել է մասնակցել այդ հավաքին, որին ներկա են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ Զուգահեռաբար մեկնելով Բիշքեկ և հրաժարվելով Գրանադայի հանդիպումից՝ Ալիևը առավել կառուցողական էր համարել բանակցություններում Մոսկվայի և ոչ արևմտյան միջնորդությունը։
168․am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին խոսելիս՝ արդեն իսկ գործ ունենք բարդ հակամարտության հետ, որն այսօր է՛լ ավելի բարդ աշխարհաքաղաքական միջավայր ունի, ուստի բանակցային գործընթացը, ինչպես երևում է՝ ստատիկ չէ։
Ըստ նրա, ամիսներ առաջ, մասնավորապես այն ժամանակահատվածում, երբ կայացավ վերջին քառակողմ հանդիպումը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Մակրոնի և Շոլցի միջնորդությամբ, թվում էր՝ բոլորի մոտ կա ըմբռնում բանակցային հետագա գործընթացի վերաբերյալ։
«Թվում էր՝ Ռուսաստանը ևս համակերպվել էր ռեգիոնից դուրս գալու մտքին կամ որոշել էր քայլերի դիմել, այսպես կոչված, «վերջին պահին», այսինքն՝ երբ ադրբեջանական կողմը ՌԴ-ի առջև կդնի ԼՂ-ն լքելու հարցը։ Եվ իսկապես այդպես էլ եղավ, երբ ԼՂ-ից դուրս եկան այնտեղ բնակվող հայերը, առանց որոնց՝ խաղաղապահների ներկայությունն այնտեղ այլևս չպատճառաբանված է, ռուսական կողմն այլ մարտավարություն խաղարկեց ու դա, կարծես, հաջողվեց։ Այդ մարտավարությունը դեռ իր հաջողությունը գրավել է միայն Ադրբեջանի մոտ, քանի որ օրերս Ադրբեջանը գովեց ՌԴ-ի ջանքերը։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը Եվրոպայում այլևս ոչինչ չի բանակցելու, և ռուս-ադրբեջանական դիվանագիտական ռեսուրսն ուղղվելու է հայկական կողմին՝ Արևմուտքից Մոսկվա բերելու ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ բացի սա, որոշ այլ հարցերի շուրջ ևս Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն փոխըմբռնում, ամենայն հավանականությամբ, գոնե գլխավոր հարցերի՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների շուրջ։
Արևմուտքից շատ բան է կախված, եթե Արևմուտքը հավելյալ ջանքեր չներդնի, ապա կկորցնի այն աշխատանքը, որն արել էր անցնող ամիսների ընթացքում, ու դուրս կմնա ռեգիոնից։ Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, հարկավոր է բարձրաստիճան ներգրավվածություն, ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հրավեր կամ մեկ այլ նախաձեռնություն, որը կկարողանա որոշակիորեն պահպանել Արևմուտքի ներգրավվածությունը, այլապես Խաղաղության համաձայնագիրը կքննարկվի ու կկնքվի Մոսկվայի միջնորդությամբ։ Սա Արևմուտքի դիտանկյունից՝ ինչ է հարկավոր անել, սակայն կողմերն իրենք են որոշում, թե ինչ է թելադրում իրենց երկրների շահը։ Եթե այդ շահը Մոսկվայի միջամտությամբ բանակցելն է, ապա այդպես էլ կլինի»,- ասաց նա։