Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը
Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։
«Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը և Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Ադրբեջանի կառավարության կողմից, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։
«Արցախում հազարամյակների հայկական կյանքի բնաջնջումը հնարավոր է դարձել այն մարդկանց անգործության ու թվացյալ անտարբերության պատճառով, ովքեր կարող էին դա կանխել։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը բարձրաձայն խոսում են մարդու համընդհանուր իրավունքների մասին, բայց ոչինչ չարեցին ինը ամիս, մինչ արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ կենսական նշանակության ապրանքներից: Նրանք ոչինչ չարեցին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը կատարելու համար, որը դեռ 2023 թվականի փետրվարին պահանջում էր Ադրբեջանից դադարեցնել իր շրջափակումը։ Այդ անգործությունը ակնհայտորեն քաջալերեց Ադրբեջանին հարձակվել, ճիշտ այնպես, ինչպես կխրախուսի մյուսներին անել նույնը այլուր», – գրել է հոդվածի հեղինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին:
Հեղինակը նախազգուշացնում է, որ պատմությունից կարելի է եզրակացնել, որ էթնիկ զտումները սովորաբար ուղեկցվում են մշակութային օբյեկտների ոչնչացման տարբեր տեսակներով՝ սկսած վանդալիզմից մինչև ամբողջական հողին հավասարեցում։ Ավելի քիչ հայտնի և փոքր եկեղեցիներն ու հուշարձաններն, ըստ Մարանցիի, հողին կհավասարեցվեն, իսկ առավել հայտնիների, օրինակ՝ միջնադարյան հայկական ճարտարապետության կոթողներ Դադիվանքի կամ Գանձասարի դեպքում կլինեն կեղծարարություններ։ Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանն արդեն իսկ փորձել է դրանք ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի վանքեր»։ Իսկ բազմաթիվ այլ կոթողներից, հեղինակի համոզմամբ, կջնջվեն հայկական արձանագրությունները։
Հեղինակը հիշեցնում է նաև 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդած մշակութային ցեղասպանությունը։
«Այժմ ժամանակն է, որ աշխարհը պաշտպանի Լեռնային Ղարաբաղում մնացած հայկական մշակույթը։ Եթե ոչ, ապա ո՞ր մշակույթը կլինի հաջորդը», – եզրափակում է հոդվածի հեղինակը։