Ղարաբաղյան հարցը «փակվա՞ծ» է Ռուսաստանի համար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։

Պատասխանելով հարցին` արդյոք կարելի՞ է համարել, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից և Արցախի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո վերջ է դրվել Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտությանը, Գալուզինը նշել է, թե ներկայիս իրավիճակը, երբ ռազմական գործողություններ չկան, մեծ մասամբ Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի արժանիքն է։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, կոնֆլիկտային իրավիճակին վերջակետ դեռ չի դրվել:

«Եվ այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքն այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը: Այս ամենը միասին վերցրած պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,- ասել է Գալուզինը։

168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂ հարցի և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ղարաբաղյան հարցն ըստ էության ամենայն հավանականությամբ նաև Ռուսաստանի համար, մեծ հաշվով, լուծված է, մնացել է համաձայնեցնել որոշ դետալներ։

Նա հիշեցրեց, որ հակամարտության այս բաղադրիչի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը բազմիցս է ներկայացվել, Ռուսաստանը հակված էր կարգավիճակի հարցի շուրջ բանակցություններ ծավալել ապագայում, սակայն այս հարցով ՀՀ իշխանություններն Արևմուտքում որոշում կայացրին և ճանաչեցին ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, սրան հետևեցին բոլորիս հայտնի իրադարձությունները և սեպտեմբերյան զարգացումները, որոնց հետևանքով արդեն Մոսկվա-Բաքու ձևաչափով, ըստ հայտարարությունների, պետք է կարգավորվի խաղաղապահների հետագա գործունեության ձևաչափի հարցը կամ դրա ընդհատումն ընդհանրապես։

«Կարծում եմ՝ հենց այս փուլում այդ բանակցություններն ընթանում են, ինչպես պնդում էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Իսկ ՌԴ նախագահի վերջին ելույթի տեքստից կարելի է ենթադրել, որ նրանք մոտ ապագայում դուրս են գալու, քանի որ, եթե ռեգիոնում հայեր չեն մնացել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները։ Սակայն սա ենթադրություն է, պետք է սպասել իրական որոշումներին, քանի որ հակամարտությունը ու դրանում ներգրավված միջնորդները, արվող առաջարկները շատ են, իսկ տարածաշրջանը ներկայումս փորձում է տեղավորվել ներռեգիոնալ ձևաչափերում, ուստի դժվար է ասել, որ պարզ որոշումներ են լինելու, քանի որ ռեգիոնի համար պայքարը բավականին թեժ է»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, Գալուզինի խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական տարաձայնությունների այն խմբին, որը դեռ պահպանվում է։

«Ղարաբաղյան մասով գլխավոր ամենածանր որոշումները կողմերը կայացրել են, մնում է ռեգիոնի ճանապարհների ու անկլավների հարցը, որոնք երկուսն էլ Մոսկվայի միջնորդությամբ բանակցվում էին։ Եթե կողմերը համաձայնեն Արևմուտքի փոխարեն աշխատել Մոսկվայի միջնորդությամբ, ապա այս հարցերն են բանակցվելու, ինչպես նշում է ՌԴ փոխարտգործնախարարը։ Սակայն միևնույն ժամանակ Ալիևը համաձայնել է Բրյուսելում կայանալիք եռակողմ բանակցություններին, որը կլինի այդ ֆորմատով յոթերորդ հանդիպումը, իսկ եթե չմասնակցի, ապա Արևմուտքի ճնշումը կմեծանա՝ հումանիտար խնդիրները և Ղարաբաղի բնակչության տեղահանության փաստը օգտագործելով, նրանց վերադարձից խոսելով։ Բայց ինչպես տեսնում ենք, վերջին զարգացումներից հետո ադրբեջանական կողմը Արևմուտքի միջնորդությանը մեծ կասկածով է վերաբերվում, ձգտում է ռեգիոնալ ձևաչափը կայացնել, խոսքը 3+3-ի մասին է, և սա հասկանալով՝ Վրաստանի վարչապետը միանգամից առաջարկում է իր միջնորդությունը կողմերին, որով գործընթացը մեծ հաշվով պահվելու է Արևմուտքի հովանու ներքո։

Ներկայումս սա է տեղի ունենում և խաղաղության համաձայնագիրը գուցե ավելի հեշտ լիներ կնքելը, եթե չլիներ այս մրցակցությունը ռեգիոնում Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,- ասաց նա։

Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս ՌԴ-ին ձեռնտու չէ կարգավորումը, արագ գործընթացները, քանի որ դա երաշխավորում է ՌԴ ներկայությունը ռեգիոնում։

Նրա խոսքով, Ռուսաստանի կարծիքով՝ հակամարտությունը «փակված չէ» կամ լուծված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ խաղաղապահներ կան։

«Դրանով է պայմանավորված ՌԴ պաշտոնական դիրքորոշումը և ՌԴ ԱԳՆ վերոնշյալ դիրքորոշումը։ ՌԴ-ն փորձելու է այնպես անել, որ իր ներկայությունը Ղարաբաղում և ՀՀ-ում պահպանվի, եթե կողմերը տեղափոխվեն բանակցությունների համար Մոսկվա, դա շատ ավելի լավ տարբերակ կլինի իր համար, թեև Մոսկվան հասկանում է, որ օբյեկտիվորեն այսօր ինքն ունակ չէ զբաղվել նման հարցերով, շահագրգռված չէ, քանի որ գլխավոր կողմնորոշիչն ուկրաինական իրադարձություններն են, այստեղ իր համար ընդունելի է ցանկացած ստատուս-քվո։

Նկատելի է, որ կա ցանկություն նախկինի նման մնալ ռեգիոնում, բայց ՌԴ-ն հասկանում ու ընդունում է նաև, որ կարող է հեռանալ, ինչը խոսում է ՌԴ աշխարհաքաղաքական դերի նվազման մասին։

Հայկական կողմին ձեռնտու է գնալ արևմտյան ճանապարհով, քանի որ, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, խաղաղապահները չապահովեցին լիարժեք խաղաղություն, եղան զոհեր և կորուստներ։ Արևմուտքն իր հերթին՝ ավելիին պետք է պատրաստ լինի ռեգիոնում, եթե ցանկանում է այստեղ աշխատել, պետք է պատրաստ լինի մասնակցել անվտանգության պահպանմանն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս