«Բոլորիս մոտ սպասողական վիճակ է». Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ

Հոկտեմբերի 7-ին Պաղեստինը լայնածավալ հարձակում է  սկսել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում։ Սա, ըստ փորձագետների,  պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին տարիների ամենամեծ հարձակումն է Իսրայելի վրա։ ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ շարժումը հայտնել էր 35 գերեվարված իսրայելցու մասին:

168.am հետ զրույցում Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանն ասաց, որ այս գործողությունների հետևանքով հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, քանի որ հիմնական բախումներն ընթացել են Իսրայելի հարավում։

«Երուսաղեմը բախման այդ կետերից բավականին հեռու է: Բոլորիս մոտ սպասողական վիճակ է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Անկասկած, այս ամենը մեզ համար անսպասելի էր՝ հարձակման մասշտաբների առումով։ Մեր համայնքում տուժածներ չկան»,- նշեց Հակոբ Սևանը։

Նրա խոսքով՝ Երուսաղեմի հին հատվածում, որտեղ իրենք են, միայն պայթյունի ձայներ են լսվել։

Կարդացեք նաև

Հարցին՝ տեղեկություններ կա՞ն Իսրայելի բանակում ծառայող հայազգի ներկայացուցիչներից, նրանց ճակատագրից ի՞նչ է հայտնի, Հակոբ Սևանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ նրանց շարքերում զոհեր չկան։

Ինչ վերաբերում է գործողությունների շարունակման դեպքում տեղի հայ համայնքի տարհանմանը, Հակոբ Սևանն ասաց.

«Անշուշտ, մեզ մոտ էլ սպասողական վիճակ է, սպասում ենք դեպքերի զարգացմանը, սակայն, կարծում եմ՝ բանը տարհանման չի հասնի»։

Տեսանյութեր

Լրահոս