Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո․ իրավապաշտպանն անդրադարձել է նրանց առնչվող գործերին
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով։
«Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Ադրբեջանը բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի հավաստմամբ՝ միջազգայնորեն գործում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցներ՝ ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ։ Շուրջ մեկ տասնյակ հնարավոր հայցերի հավանականություն կա, այսինքն՝ գործնականորեն կարելի է իրավական ճանապարհով հասնել նախ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և, ինչու չէ, նաև դիվանագիտական աշխատանքի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ըստ իրավապաշտպանի՝ ամենագործուն ճնշման եղանակը թերևս պատժամիջոցներն են։ Նա դրական է գնահատում, որ գոնե հիմա, այսքան հանցագործություններից հետո հասունանում է այն թեզը, որ Ադրբեջանի գործողությունները պետք է սանկցավորվեն ու թիրախավորված պատժամիջոցներ պետք է կիրառվեն որոշակի թվով պաշտոնյաների նկատմամբ։
«Այստեղ դարձյալ քաղաքական-դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա։ Հունգարիան, որպես ԵՄ երկիր, ամեն առումով ջանքեր է գործադրում, որպեսզի չապահովի պատժամիջոցների վերաբերյալ որոշումների միաձայնությունը՝ պաշտպանելով Ադրբեջանին պատժամիջոցներից, սակայն այս ուղղությամբ ևս քայլերի հնարավորություն կա։ Անգամ, եթե ԵՄ-ում կա երկիր, որն այս պահին հովանավորում է Ադրբեջանի հանցագործությունները, մենք մեր հերթին կարող ենք ներգրավել ԱՄՆ-ին, Կանադային կամ մյուս երկրներին, որոնք անհատապես էլ կարող են միանալ պատժամիջոցների համակարգին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ մեծ կարևորություն ունի նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը, որոնք վերահսկման գործիքներ ունեն և կարող են առանձին դիտորդական հանձնառություններ իրականացնել Ադրբեջանում՝ տարբեր զեկույցներ ներկայացնելով իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Որոշակի նշանակություն կարող են ունենալ նաև պայմանավորվածությունները։ Ակնհայտ է, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալությունները եղել են քաղաքական պատճառներով, ուստի պետք չէ բացառել, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակում, նաև միջազգային ճնշման ներքո, կներառվեն դրույթներ համաներումների առնչությամբ, որոնք կտարածվեն այս պահին Բաքվում պահվող հայերի նկատմամբ։
Անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռուբեն Վարդանյանին, իրավապաշտպանն ասաց, որ օմբուդսմենն անկախ վարքագիծ չի դրսևորել հայ ռազմագերիների առնչությամբ և նրա այցելությունները կրել են ձևական, իմիտացիոն բնույթ։ Նրա գործունեությունը զերծ չի պահել հարյուրավոր ռազմագերիներին սպանվելուց։ Կան արձանագրված դեպքեր, միջազգային հետաքննություններ, որոնք բացահայտել են, օրինակ, Սև լճի գնդակահարությունը, և մենք չենք տեսել, թե ինչպես մարդու իրավունքներից ելնելով՝ նույն օմբուդսմենն աշխատել է իր երկրի իշխանությունների հետ, որպեսզի հայերի նկատմամբ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության և ընթանա քննություն, ինչը կբացահայտեր ատելության հողի վրա կատարված ծանր հանցագործությունները, ուստի որևէ անկախ ու արդյունավետ մեխանիզմ, ըստ Սահակյանի, չի կարող տրամադրվել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից։
Նրա կարծիքով՝ ավելի մեծ նշանակություն ունի «Կարմիր խաչի» հայտարարությունը, որում արձանագրված է, որ այդ պահին որևէ մեկը չի այցելել ԼՂ ձերբակալված նախկին և ներկա ղեկավարներին, և որ ձերբակալման վաղ փուլից հասանելիություն չտրամադրելն անթույլատրելի է, հատկապես եթե նման այցելությունների հնարավորություն տրվել է օմբուդսմենին։
Ինչ վերաբերում է դատաքննություններին, ապա իրավական գործընթացը, Սահակյանի պնդմամբ, ենթադրում է երաշխիքներ, որոնք չեն պահպանվել, հետևաբար գործ ունենք կամայական դատավարությունների հետ։ Ադրբեջանի դատական համակարգն առանց այդ էլ չունի բարձր վարկանիշ և ամբողջովին կախված է երկրի ղեկավարությունից ու անձամբ նախագահից։ Այդ համակարգը բացառապես քաղաքական պատվերների հիման վրա կայացրել է բազմաթիվ ակտեր, որոնց առնչությամբ կան տասնյակ դատական ակտեր՝ ընդունված ՄԻԵԴ-ի կողմից։ Ադրբեջանն աչքի է ընկնում քաղբանտարկյալների թվով, ուստի հասկանալի է, որ եթե ադրբեջանական դատական համակարգն ի զորու չէ պաշտպանել սեփական քաղաքացիների իրավունքներն իշխանության հարձակումներից, ապա հայատյացության պայմաններում ուղղակի հնարավոր չէ պաշտպանություն տրամադրել Բաքվում պահվող հայերին, առավել ևս, որ վերջին զարգացումների ֆոնին հայատյացության ծավալներն ավելացել են։
Լրջագույն խնդիր է նաև ազատ կամարտահայտության սահմանափակման արդյունքում ցուցմունքներ կորզելը, մանավանդ որ Ադրբեջանում խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները կրում են համատարած բնույթ։
Անդրադառնալով հարցին, թե հայ ռազմագերիների և ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների գործերը պետք է առանձի՞ն քննվեն, թե՞ դիտարկվեն մեկ փաթեթով, Սահակյանն ընդգծեց, որ դրանք նույնական գործեր չեն։
«Ռազմագերիներն անմիջականորեն կապված են հակամարտության հետ։ Վերջին դրվագներով մենք չունենք հակամարտության շրջանակներում զենքը վայր դրած զինվորականներ կամ քաղաքացիական անձինք, որոնք դարձյալ հակամարտության տարբեր գոտիներում են գերեվարվել։ Այստեղ գործ ունենք այլ գործընթացների հետ, անձանց հետ, ովքեր քաղաքական շարժառիթներով ու վրեժխնդրությունից ելնելով՝ ձերբակալվում են ու անարդար կերպով տարվում արդարադատության առջև։ Նրանց ձերբակալման կամ կալանավորման նպատակներից մեկը որպես պատանդ պահելն է՝ ՀՀ իշխանությանն ու միջազգային գործընկերներին տարաբնույթ քաղաքական պահանջներ ներկայացնելու համար։ Վերջին դրվագների ու ռազմագերիների գործերի ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ թիրախավորվել են էթնիկ պատկանելության հիմքով, հետևաբար նրանց առնչվող իրավական գործընթացները խտրական են»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Մանվել Մարգարյան