Բաժիններ՝

ՄԱԿ-ը հացահատիկի պաշարների ռեկորդային մակարդակ է կանխատեսում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՄԱԿ ՊԳԿ) բարձրացրել է 2023 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրության իր կանխատեսումը` հասցնելով այդ թիվը մինչև 2,819 միլիարդ տոննայի, ինչը 0,9 %-ով բարձր է 2022 թվականի մակարդակից: Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ ՊԳԿ-ի տարածած հաղորդագրությունից։

Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ: Դրան հակառակ՝ Կանադայում կանխատեսվում է ավելի վատ բերքատվություն, որը կապված է այդ երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններում երկարատև երաշտի հետ:

Ըստ հաղորդագրության՝ աշխարհում հացահատիկի պաշարները 2024 թվականի սեզոնի վերջում կկազմեն 884 միլիոն տոննա, ինչը 3 %-ով կգերազանցի սեզոնի բացման պահի մակարդակը և կդառնա ռեկորդային ցուցանիշ։

ՄԱԿ ՊԳԿ-ի հաղորդագրությունում անդրադարձ է կատարվում նաև պարենի համաշխարհային գների ինդեքսին, որը սեպտեմբերին չի փոփոխվել։ Գների նվազում է դիտվել բուսական յուղի, կաթնամթերքի և մսի շուկայում, մինչդեռ շաքարի և եգիպտացորենի գները բարձրացել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս