Փաշինյանին իշխանության չեն բերել արտաքին ուժերը՝ Ղարաբաղը հանձնելու նպատակով. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ–որ մեկի կողմից է բերվել իշխանության, որպեսզի հանձնի Ղարաբաղը։ Այս մասին Պուտինը հայտարարեց «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում։
Պուտինն ընդգծեց, որ Փաշինյանն իշխանության է եկել հայ ժողովրդի ընտրությամբ։
«Իհարկե, կարելի է տարբեր կերպ մոտենալ ընտրական գործընթացներին, բայց դա փաստ է։ Երկրորդը` համաձայն չեմ նաև այն մտքի հետ, թե նա ձգտում էր հանձնել Ղարաբաղը։ Ես նրա հետ շփվել եմ, սերտ եմ շփվել և հենց 2020 թվականի ընթացքում էլ (սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը-խմբ.), դրանից առաջ էլ։ Պետք է հիշել, երբ նա իշխանության եկավ, ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,– նշեց Պուտինը։
Նշենք, որ խոսքը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության մասին է, որ Փաշինյանն արեց 2019 թվականի օգոստոսին` Ստեփանակերտում։
ՌԴ նախագահն ընդգծեց, որ մինչ այդ Փաշինյանը նման բան երբեք չէր ասել, չնայած հետո նրա դիրքորոշումը արմատապես փոխվեց և 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ նա իրոք ձգտում էր, որպեսզի պահպաներ իրավիճակը։
«Ես հիմա չեմ ասում՝ արդյոք որոշումները ճիշտ էին, թե սխալ։ Իմ գործը չէ դատել այդ ամենը, բայց խոսել այն մասին, որ նա նպատակադրված հանձնում էր Ղարաբաղը, կարծում եմ, անարդար է»,– հավելեց Պուտինը։
Ավելի վաղ, ՌԴ նախագահը հայտնել էր, որ երկար տարիներ հայաստանյան իշխանություններին առաջարկել են վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 5 շրջանը` ԼՂ-ի և Լաչինի միջանցքին հարող 2 շրջանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պայմանով։ Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն համաձայնել այդ տարբերակին։