
Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում. ՌԻԱ «Նովոստի»

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից առևանգվել է Ստեփանակերտից և տեղափոխվել է Բաքու։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հարությունյանը (ծնվ. 1973 թ.) մեղադրվում է «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ագրեսիվ պատերազմին մասնակցելու, վարձկաններ հավաքագրելու, վարժեցնելու և ֆինանսավորելու, ինչպես նաև նրանց ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին ներգրավելու համար, մասնակցություն ԱՀ օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը, նրանց գործունեությունը կազմակերպելուն, այդ հանցավոր խմբերին զենքով, բաղադրամասերով, զինամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով և բանակային տեխնիկայով զինելուն, նախապատրաստական դասընթացներ կազմակերպելուն. այդ զենքերի կիրառման, ինչպես նաև դրանք Ադրբեջան մաքսանենգ ներմուծելու և ահաբեկչության ֆինանսավորման համար»: