Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ:

Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար 924:

«Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն հասցրել հաշվառվել, անհրաժեշտ է դիմել համայնքային կենտրոններ: Ավելի քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում: Պատասխանատու անձանց տվյալներով մարդիկ կարող են կապնվել և անցնել հաշվառման գործընթացը: Այս նույնականացումը խիստ կարևոր է մեզ համար, որպեսզի հաջորդիվ բռնի տեղահանված մարդիկ ընդգրկվեն տարբեր սոցիալական ծրագրերում, որ իրականացնում է պետությունը»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մեկնարկել է երկու գործընթաց. մեկը վերաբերում է միանվագ գումարների տրամադրմանը՝ 100 հազարական դրամներին, որոնք հատկացվելու են յուրաքանչյուր անձի, որ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների հետևանքով և մյուսը վերաբերում է բնակարանների վարձակալության գումարներին, որոնք հատկացվում են այն անձանց, որոնք չունեն սեփականություն ՀՀ-ում: Յուրաքանչյուր անձին տրամադրվում է 40 հազար դրամ և 10 հազար դրամ կոմունալ վճարումների համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս